Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. Հայաստանի 13 վարչապետերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
FotorCreated-3

Անկախությունից սկսած Հայաստանն ունեցել է 13 վարչապետ: Հայաստանի անկախությունից մեկ տարի առաջ վարչապետ նշանակված Վազգեն Մանուկյանը անկախությունից հետո պաշտոնավարել է 5 օր: Անկախության առաջին լիարժեք վարչապետը Գագիկ Հարությունյանն էր: Սակայն նրա նշանակումը նախագահի միանձնյա լիազորությունն էր: Հայաստանը դեռեւս Սահմանադրություն չուներ: Երկրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը նույնպես նշանակվեց նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանձնյա հրամանագրով: Նրա պաշտոնավարումը համընկավ օգոստոսից մինչեւ հաջորդ տարվա ծանր փետրվար: Հարությունյանի վարչապետությունն աչքի ընկավ այն բանով, որ խորհրդարանում նա հանդես եկավ կառավարության իր իսկ ներկայացրած ծրագրի դեմ: Հենց դրա համար էլ նախագահը նրան հեռացրեց: Նրան հաջորդեց 35-ամյա Հրանտ Բագրատյանը, որը երկու տարի հետո՝ 1995-ի Սահմանադրության ընդունումից հետո դարձավ Հայաստանի առաջին սահմանադրական վարչապետը: 1995-ի հուլիսի 5-ին ձեւավորված Ազգային Ժողովի գործունեության 4 տարիների ընթացքում Հայաստանում պաշտոնավարեց 4 վարչապետ: 1996-ի նախագահի վիճելի արդյունքներով ընտրություններից հետո նախագահ Տեր-Պետրոսյանը պաշտոնանկ է անում Հրանտ Բագրատյանին եւ նրա փոխարեն նշանակում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին: Վերջինս պաշտոնավարումից որոշ ժամանակ հետո հակասության մեջ մտավ ուժային նախարարների հետ: Պաշտոնն ստանձնելուց մոտ մեկ ամիս հետո նա փաստացի թողեց վարչապետի նստավայրը եւ հեռացավ Հայաստանից: Պետությունը մի քանի ամիս մնաց առանց վարչապետի: Միայն 1997-ի փետրվարին Արմեն Սարգսյանն իր դիմումի համաձայն հեռացավ վարչապետի պաշտոնից: Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի վարչապետ է նշանակվում Ղարաբաղի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այս նշանակումը կանխորոշեց Հայաստանի քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Աշնանը սուր հակասություններ առաջացան նախագահի մի կողմից եւ մյուս կողմից վարչապետի ու ուժային նախարարներ Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: 1998-ի փետրվարին նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեցին հրաժարական տալ այն պատճառաբանությամբ, որ համաձայն չեն Ղարաբաղի հարցի լուծման նրա գաղափարների հետ: Արտահերթ ընտրություններով վարչապետ Ռոբերտ Քոչարյանը դառնում է Հայաստանի նախագահ եւ վարչապետ նշանակում որեւէ կուսակցություն չներկայացնող Արմեն Դարբինյանին: Նա ձեւավորեց արհեստավարժների կառավարություն, որը պաշտոնավարեց մինչեւ 1999-ի մայիսի 30-ի խորհրդարանի ընտրությունները: Այս ընտրություններում կանխատեսելի հաղթանակ տարավ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքը, որն էլ ստացավ կառավարություն ձեւավորելու սահմանադրական մանդատ: Առաջին անգամ կառավարությունն ու խորհրդարանը Հայաստանի նախագահի գրպանային ինստիտուտներ չէին: Ուժերի հարաբերակցությունը փոխվեց նույն տարվա հոկտեմբերի 27-ին, երբ խորհրդարանում վարչապետի հետ միասին սպանվեց Ազգային ժողովի ղեկավարն ու այլ մարդիկ: Հանցագործության շարժառիթների տարբեր վարկածների մթնոլորտում Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակում Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին: Վերջինս պաշտոնավարում է ուղիղ 5 ամիս: 2000-ի մայիսի 2-ին նախագահը նրան հեռացնում է եւ վարչապետ նշանակում «Հանրապետական» կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանին: 2003-ին հենց Մարգարյանն է գլխավորում Հանրապետականի ցուցակը խորհրդարանի ընտրություններում:  Դրանից երկուսուկես ամիս առաջ Ռոբերտ Քոչարյանը կրկին դարձել էր Հայաստանի նախագահ, իսկ նրան սատարած քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրություններից հետո ստորագրել էին կոալիցիոն հուշագիր: Այստեղ մանրամասն գրված էր, թե որ քաղաքական ուժին նախարարական ինչ պորտֆել է բաժին ընկնելու: Հայաստանի առաջին կոալիցիայի կազմում էին Հանրապետականը, Դաշնակցությունը եւ Օրինաց երկիրը: Խորհրդարանի ղեկավար է դառնում Օրինաց երկրի առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, իսկ վարչապետ՝ Հանրապետականի ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Վերջինս առ այսօր Հայաստանի ամենաերկար ժամկետով պաշտոնավարած վարչապետն է՝ 7 տարի: Անդրանիկ Մարգարյանը Վազգեն Սարգսյանից հետո երկրորդն է, որին վարչապետի աթոռից բաժանում է մահը: 2007-ի մայիսի 12-ի ընտրություններից Հանրապետականը պահպանում է Հայաստանի վարչապետի աթոռը: Այն զբաղեցնում է Սերժ Սարգսյանը: Նոր կառավարությունը կրկին կոալիցիոն է գումարած մեկ գործընկեր: Հանրապետական Սերժ Սարգսյանը եւ նորաստեղծ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստորագրում են կոալիցիոն հուշագիր, նույն սեղանի առաջ նրանց գործընկերոջ կարգավիճակով է միանում Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: 2008-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո այս երեքին միանում է նաեւ Օրինաց երկիրը: Վարչապետ է նշանակվում Տիգրան Սարգսյանը: Հաջորդ տարի ապրիլի 27-ին Դաշնակցությունն առաջինն է լքում կոալիցիան, երբ Սարգսյանը նախաձեռնում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը: Այդ հաշտեցումը ենթադրում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց եւ պատմական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի ստեղծում: Հաջորդը Բարգավաճ Հայաստանն էր, որը կոալիցիայից հեռացավ բնական ճանապարհով: 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանի ընտրություններից հետո Գագիկ Ծառուկյանի ղեկավարած թիմը չմիացավ հին վարչապետով նոր կառավարության կոալիցիոն հուշագրին: Դրանից առաջ 2011-ի նոյեմբերին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի քաղաքագիտական վերլուծությամբ հայտարարել էր, որ Բարգավաճ Հայաստանին պետք է բերել ընդդիմադիր դաշտ: 2014-ի ապրիլին խորհրդարանում ձեւավորված ընդդիմադիր քառյակը, որի մեջ էին ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, Ժառանգությունը եւ ՀԱԿ-ը, հրաժարականի է մղում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Սերժ Սարգսյանն անմիջապես վարչապետ է նշանակում խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, որն ամենաընդունելին էր վերջինիս խնամու՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած Բարգավաճ Հայաստանի համար: Դա սակայն չի կանգնեցնում Ծառուկյանի եւ ՀԱԿ-ի մասնակցությամբ սկսած իշխանափոխության շարժումը, որը հոկտեմբերին թեւակոխում է հանրահավաքների փուլ: 2015-ի փետրվարին այս շարժումն ավարտվում է Սերժ Սարգսյանի՝ Ծառուկյանին ուղղված մի սպառնալի ելույթով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կանգնում է Սերժ Սարգսյանի կողքը: Դա միայն հետաձգում է վարչապետի պաշտոնանկությունը, որն այնուամենայնիվ տեղի է ունենում 2016-ի սեպտեմբերին: Հայաստանի վարչապետ է դառնում Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն անմիջապես անդամագրվում է Հանրապետականին եւ այդ կուսակցությունն առաջնորդում խորհրդարանի արդեն փոփոխված Սահմանադրությամբ ընտրություններ: Կարեն Կարապետյանը Հայաստանի 13-րդ վարչապետն է: Նոր Սահմանադրության անցումային դրույթներում սահմանված է, որ հիմա նշանակվող վարչապետը դեռ պետության առաջին դեմքը չի լինելու։ Միայն 2018-ի ապրիլի 9-ից հետո է գործելու կառավարման խորհրդարանական համակարգը։ Այդ օրը դարձյալ կառավարությունը հրաժարական է տալու, եւ նոր կարգով ձեւավորվելու է նոր կառավարություն։ 2018-ի ապրիլի 9-ից հետո նշանակվող վարչապետը կդառնա Հայաստանի առաջին դեմքը։