Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 12 օր անց. Վանո Սիրադեղյան. Ռուսաստանի հետ ավելի մոտիկ՝ բացառվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1995-ի ընտրություններից հետո Երեւանում կրկին սկսում է գործել էլեկտրամատակարարման մեկժամյա գրաֆիկ, որի պատճառն ըստ Երքաղգործկոմի լրատվական բաժնի` բնակչության կողմից չկատարված վճարումներն են: Մի քանի օր հետո կսկսվի կտրոնով կարագի բաշխումը 1 անձին 250գրամ չափաբաժնով, որի 1 կգ-ի արժեքը արժե 600 դրամ: 1995-ին ձեւավորված խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին: ԳԽ շենքում կշարունակի աշխատել Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը, որը հուլիսի 17-ին պարտավոր էր հրապարակել համամասնականի անվանացանկը, բայց այն մինչև օրս չի արել: 1999-ի ընտրություններին հաջորդող 12-րդ օրը Ռուսաստանի դեսպանատանն ընդունելություն է այդ երկրի անկախության օրվա առթիվ: Հայաստանի քաղաքական էլիտան այստեղ է՝ բոլորն իրենց տիկնանց հետ: Ռոբերտ Քոչարյանը սակայն կնոջ հետ չէ։ Վճռաբեկ դատարանի դահլիճում շարունակվում է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավարությունը: Այս բանդան դատավարության ամբողջ ընթացքում կապվում է նորընտիր պատգամավոր եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անվան հետ: Նոր խորհրդարանն ավելի լեգիտիմ է, քան՝ Հայաստանի նախագահը,-1999-ի ընտրություններից հետո հայտարարում են խորհրդարանի ընտրությունները բոյկոտած ուժերը: Բայց դա չի նշանակում, որ խորհրդարան մտած ուժերը ներկայացնում են հասարակության շահերը, այն ճահիճ է: Քաղաքագետներից մեկի կարծիքով իշխանությունն ամբողջությամբ պատկանում է զինվորականությանը եւ պետք է մտածել նրան սանձելու մասին: 1999-ի խորհրդարանում Դաշնակցությունը ղեկավարելու է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նկատում է, որ Դաշնակցությանն, այնուամենայնիվ, կառավարությունում չի կարելի վստահել նույն ոլորտների ղեկավարումը, որոնք վստահվեցին խորհրդարանում ։ Նորընտիր խորհրդարանի միակ պատգամավորական խումբը «Կայունությունն» է, որտեղ շատերը «Երկրապահից» են եւ համակրում են «Միասնություն» դաշինքին:  Նրանք պարզապես չեն ցանկացել համալրել որեւէ կուսակցության շարքերը, բայց հայտնի են ավելի շատ իրենց մականուններով եւ գործարարությամբ։ 2003-ի ընտրություններից հետո հիմնական թեման ոչ այնքան կառավարության կազմավորումն է, այլեւ՝ ո՞վ է լինելու խորհրդարանի ղեկավարը՝ կոալիցիոն կառավարություն կազմելու մանդատ ստացած Օրինաց երկրի ղեկավար Արթուր Բաղդասարյանը, թե՝ նույն մանդատի ներկայացուցիչ «Դաշնակցության» ցուցակից Արտաշես Թումանյանը: Խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը թեման փակում է մեկ նախադասությամբ՝ նախ պետք է սկզբունքները ճշտել: Մի քանի օր հետո հայտնի է դառնում, որ խորհրդարանը կղեկավարի Արթուր Բաղդասարյանը:  2007-ի խորհրդարանի ընտրություններից 12 տարի հետո Արցախի հարցով բանակցություններից նոր տեղեկություններ են ի հայտ գալիս: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարում է, որ այսօր քննարկվում է 7 շրջանների վերադարձի հարցը: «Ադրբեջանը թույլ չի տա փոխել Լաչինի միջանցքի կարգավիճակը՝ այդ ճանապարհը պատկանում է Ադրբեջանին, եւ այդպես կլինի միշտ: Այդ ճանապարհը կարող է օգտագործվել համատեղ», - ասում է Ազիմովը: 2007-ի ընտրություններից հետո ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին է փոխանցում իր գոհունակությունը առ այն, որ Հայաստանը ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում: Պարոն Օսկանյանը առաքելության ղեկավարին փոխանցում է, որ հաջորդ տարի տեղի ունեցող նախագահի ընտրությունները եւս մեկ կարեւոր քայլ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում: 2012-ի ընտրություններից երկու շաբաթ հետո հիմնական թեման Հանրապետականի հետ ԲՀԿ-ի հնարավոր կոալիցիան է՝ ինչ-որ շատ է ուշանում այդ մասին Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը: Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասում է, որ այդ դասին Ծառուկյանը դեռ պատրաստ չէ: Ի դեպ, Սահակյանն իր հերթին պատրաստ չէր այն հարցին, թե քանի միլիոն ընտրակաշառք են բաժանել Ծառուկյանն ու Հանրապետականը ընտրություններում։ «Հանրապետություն» կուսակցությունը 2012-ի ընտրություններից հետո որոշում է կայացնում դուրս գալ Հայ Ազգային կոնգրես դաշինքի կազմից: Որոշումը կայացվում է միաձայն այն հիմնավորումով, որ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական խնդիրների հարցում կան ռազմավարական եւ մարտավարական տարաձայնություններ։ Հայ Ազգային Կոնգրեսի ցուցակով պատգամավոր դարձած Գագիկ Ջհանգիրյանը վատ է զգում, որ այս դաշինքը լքում են Լիբերալ-դեմոկրատական եւ Հանրապետություն կուսակցությունները, բայց դրանից ողբերգություն սարքել պետք չէ, ՀԱԿ-ը դրանից հաստատ չի թուլանա։ Գրիգոր Ամալյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովը որոշում է ընտրություններում քարոզարշավի լուսաբանման անհավասար պայմաններով աչքի ընկած «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին ֆինանսական տույժերի չենթարկել։ Ընտրությունների թեման դեռ չսպառած Հայաստանում միասեռականների հրապարակային ակտիվությունը Երեւանի փողոցներ է դուրս բերել նրանց հակառակորդներին։ Մշակութային բազմազանության կողմնակիցների եւ հակառակորդների երթը ընթացքում ավելի ագրեսիվ է դառնում։ 2012-ի ընտրություններից հետո հրդեհվում է Մելիք- Ադամյան փողոցում գտնվող Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի տանիքը: Մի քանի մարտական հաշվարկ հրդեհաշիջող մեքենաների շնորհիվ կրակը հաջողվում է մարել նույն օրը: Տուժածներ չկան: Որոշ տեղեկություններով հրդեհից առաջ շենքում պայթյուն է լսվել։