Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 9 օր անց. Հանթսմանը Քոչարյանի մասին՝ նա հրաշալի հրաձիգ է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
fZWQ2E9lhJw

1995-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր անց ԿԸՀ-ն անվավեր է ճանաչում 5 ընտրատարածքների քվեարկության արդյունքները եւ նշանակում վերաքվեարկություն:Այն նշանակվում է հուլիսի 29-ին: ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը 1995-ի ընտրություններից հետո հայտարարում է, որ արմատական ընդդիմադիր ԱԺՄ-ն համագործակցում է իշխանությունների հետ: Պարոն Միրզախանյանը համոզված է, որ հենց իշխանությունն էլ փոխել է ԱԺՄ-ի ցուցանիշներն ընտրություններում եւ մտցրել խորհրդարան: 1999-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր հետո ԱԺՄ-ն պնդում է, որ դրանք ազատ ու արդար չէին, սակայն բողոքարկելն անիմաստ է, քանի որ երաշխիք չկա, որ հաջորդ ընտրություններն ավելի լավը կլինեն: Առայժմ, սակայն, կուսակցությունը պիտակներ չի կպցնի Ռոբերտ Քոչարյանին ու Վազգեն Սարգսյանին, կսպասի նոր կառավարության ծրագրին։ Ամերիկացի գործարար Ջոն Հանթսմանը 1999-ի այս օրը հյուրընկալվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Գրկախառնությունն անսովոր է, Քոչարյանն ասում է, որ Հանթսմանը հայ ժողովրդի եւ իր անձնական բարեկամն է, իսկ վերջինս Քոչարյանի մասին նկատում է՝ նա հրաշալի հրաձիգ է։   1999-ի այս օրը «Միասնություն» դաշինքից խորհրդարան անցած 5 հոգի հրաժարվում է պատգամավորական մանդատից: Նրանց թվում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Որոշ լուրերի համաձայն նրան սպասում է վարչապետի աթոռը։  Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը այս օրը Նիկոլ Փաշինյանի «Օրագիր» թերթի խմբագրությունում է՝ գույքը բռնագրավելու համար: Այս որոշումը կայացրել է դատարանը, որը խմբագրությանը տուգանել է 25 հազար դոլարով: Բռնագրավումն ուղեկցվում է մեծ աղմուկով եւ քաշքշուկով։ Փոքր-ինչ հետո ծառայությունը պարզում է, որ համակարգիչները խմբագրության սեփականությունը չեն: Որոշվում է դրանք կնքել «Օրագրի» սենյակներից մեկում: Այդ ընթացքում խմբագրություն է այցելում «Արարատ-Լադայի» տնօրեն Անդրանիկ Մանուկյանը եւ խոստանում տրամադրել իր անձնական համակարգիչը: Ընտրությունների արդյունքների լեգիտիմությանը կասկածողներից մեկը պատգամավորության նախկին թեկնածու Ռուբեն Թորոսյանն է: Նա վստահեցնում է, որ բազմաթիվ օրինախախտումներ է արձանագրել այն ընտրատարածքում, որտեղ հաղթել է ընդդիմադիր թեկնածու Շավարշ Քոչարյանը։ 2003-ի խորհրդարանի ընտրություններից 9 օր անց վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունում է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրիին եւ համաձայնվում նրա նշած ընտրախախտումների առկայության հետ: Մարգարյանն ասում է, որ ընտրությունների հետ կապված ՀՀԿ-ն իր մոտեցումներն առաջիկայում կամփոփի, որոնց արդյունքում առաջարկներ կներկայացնի Ընտրական օրենսգրքում եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխություններ կատարելու համար: 2007-ի այս օրը 5 օր առաջ ԿԸՀ-ի դիմաց հացադուլի նստած բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլը դադարեցնելու որոշում է  ընդունում: Նրան անձամբ դա համոզել էր վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ասաց, մի քիչ հանգստացի, որ ի վիճակի լինես քո մտքերը լրիվ ձեւակերպես: Կգաս, կնստենք, կզրուցենք», - հանդիպման մանրամասներն է ներկայացնում նախկին բռնցքամարտիկը եւ շարունակում ,- «Էլի շնորհակալ եմ, որ այնպես չարեց, որ մահամերձ վիճակ լիներ մոտս»: ԿԸՀ-ում 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու Հայ Ազգային Կոնգրեսի դիմումի մերժումը փաստաբան Վահե Գրիգորյանին համոզիչ չի թվացել, ԿԸՀ-ն չի կարծում, թե Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ մի շարք նախարարներ չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը քարոզելով Հանրապետականի օգտին։   Բարգավաճ Հայաստանի կոալիցիա մտնել-չմտնելու հարցը 2012-ի ընտրություններից հետո ամենաքննարկվողն է: Քաղաքագետները հակված են կարծելու, որ դա ավելի շուտ Սերժ Սարգսյանի որոշելիք հարցն է, բայց մեկ պայմանով։ 2012-ի ընտրություններից 9 օր հետո «Երկիր մեդիան» դառնում է երկրորդ հեռուստաընկերությունը «Կենտրոնից» հետո, որը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այս հարցն արդեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի օրակարգում է: Ըստ հանձնաժողովի, հեռուստաընկերությունը քաղաքական ուժերին լուսաբանելիս չի պահպանել հավասարության սկզբունքը։