Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրական օրացույց. 1 օր անց. Լեւոն Տեր-Պետրոսյանը աշխատանքից ազատում է Տիգրան Հակոբյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
yntrakan-oracuyc-1

1995-ի հուլիսի 5-ը խորհրդարանի առաջին ընտրությունների առաջին օր լինելուց բացի, այսուհետեւ նաեւ տոն օր է: Հուլիսի 5-ից Հայաստանը ունի նոր Սահմանադրություն: Դա իշխանության համար տեղի ունեցավ մեծ դժվարությամբ, քանի որ քվեարկության օրը ժամը 20-ի դրությամբ ընտրողների մեկ երրորդն անգամ չէր ներկայացել տեղամասեր: Ուստի ԿԸՀ-ն երկու ժամով երկարացրեց քվեարկությունը: Ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել Հանրաքվեի արդյունքները: 1995-ի հուլիսի 5-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով աշխատանքից ազատվում է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը լռության օրը նախագահի ելույթը կրկնելու համար: Դա Ընտրական օրենսգրքի խախտում էր: 1999-ի ընտրություններն անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով: Ընտրողների ցուցակներից քշվածները քվեարկելու իրավունք կարող էին վերականգնել դատարաններում: Այնտեղ ասեղ գցելու տեղ չկար: Բոլոր չէ, սակայն, որ ցանկացան իրենց քվեն իրացնել դատարանների միջոցով, նրանք պարզապես քվեարկության չգնացին: «Միասնություն» դաշինքը գլխավորող Վազգեն Սարգսյանն ասում է, որ եթե ինքն էլ ցուցակներից դուրս մնացած լիներ, հազիվ թե իր քվեն վերականգներ դատարանի միջոցով: 1999-ի ընտրությունների հաջորդ օրը ԱՊՀ դիտորդների խումբը հայտնում է, որ գոհ է ընտրություններում ընտրողների ակտիվությունից, վկան ընտրացուցակներում չընդգրկված ընտրողների հոսքը դատարաններ։ Հրանտ Բագրատյանի պահանջի պատճառը ընտրացուցակներում տեղ գտած խայտառակ անճշտություններն են, որոնք, ըստ նրա, ծառայեցվել են իշխանական ուժերին խորհրդարան անցկացնելուն։ ԵԱՀԿ դիտորդների գնահատականով 1999-ի խորհրդարանի ընտրությունները չէին համապատասխանում եվրոպական չափանիշներին, սակայն մեկ քայլ էին դեպի այդ չափանիշները՝ քարոզչությունը խաղաղ էր, արգելված կուսակցություններ եւ ահաբեկչություն չկար: 2003-ի ընտրությունների օրը ի թիվս այլ աղաղակող խախտումների ստվերվում է սպանությամբ՝ քվեարկության ավարտից մեկ ժամ հետո Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում գյուղի բնակիչ Տարզան Ենոքյանը հրազենով սպանում է նախկին պետավտոտեսուչի, վիրավորում գյուղապետին, տեղամասային հանձնաժողովի նախագահին եւ ընդդիմադիր թեկնածուի վստահված անձին։: 2003-ի մայիսի 25-ին տեղի էր ունենում նաեւ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Ընդդիմությունը կոչ էր արել բոյկոտել հանրաքվեն: Ժողովուրդը մտավ քվեատեղամասեր եւ դեմ քվեարկեց փոփոխությունների նախագծին: Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ հանրաքվեն տապալվել է, անհրաժեշտ 700 հազար կողմ քվեն չի ապահովվել: Ընտրությունների օրը եվրոպացի դիտորդները չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը մի շարք փաստերի կապակցությամբ: ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ռոբերտ Բարրին զարմացած է, որ խախտումներն արձանագրվել են դիտորդների ներկայությամբ. «Կեղծվել են արձանագրությունները, գողացվել են քվեաթերթիկները, սպառնալիքներ են հնչել դիտորդների հասցեին»: 2007-ի ընտրությունները խախտումների ծավալներով նախորդներից գրեթե ոչնչով չտարբերվեցին: Այս անգամ, սակայն, նորացվել էին խախտումների տեխնոլոգիաները: Ընդդիմադիր «Իմպիչմենտ» դաշինքի ղեկավարը հայտարարում է, որ իշխանությունը 400 հազար կեղծ անձնագիր է տպագրվել, որոնցով քվեարկություն են իրականացրել տեղամասերի հետ կապ չունեցող մարդիկ: Նույն օրը «Օրինաց երկիրը» կասկածում է ընտրությունների օրինականությանը՝ ահաբեկման դրսեւորումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, քվեաթերթիկների լցոնումները, հիմք են կասկածի տակ առնելու ընտրությունների օրինականությունը: Նույն օրն ընտրությունների արդյունքները հրաժարվում է ճանաչել նաեւ ՀԺԿ-ն: «Հաղթեց ընտրակաշառքը»,- քվեարկության ավարտից որոշ ժամանակ հետո հայտարարում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հանրապետականներն, ընդհակառակը, արդեն տոնում են իրենց կատարյալ հաղթանակը: Կուսակցության շենքը տոնական տեսք է ընդունել, ամենուր փուչիկներ եւ գունավոր ժապավեններ են: 2012-ի խորհրդարանի ընտրությունների արդար ընթացքը ողջունում են ԱՊՀ դիտորդները: Նրանք մի քանի տեխնիկական խախտումներ էին արձանագրել, մասնավորապես ընտրողների կուտակումները տեղամասերում։ ԵԱՀԿ դիտորդներն, ընդհակառակը, հրաժարվում են 2012-ի ընտրությունները ճանաչել միջազգային չափանիշներին համապատասխան: Որոշ թերություններ, ըստ նրանց, կարող են կասկածի տակ դնել արդյունքներն ընդհանրապես. «Եթե մի քաղաքական կազմակերպության ղեկավարը 500 հատ տրակտոր է բաժանում, դա չի կարող չանդրադառնալ ընտրությունների արդյունքների վրա»: Երեւանի մամուլի ակումբը լուրջ բողոքներ չունի լրատվամիջոցների աշխատանքից նախընտրական ամբողջ ընթացքում: Փոխարենը ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանին մտահոգել է այդ ամբողջ ընթացքում քաղաքական ուժերի պահվածքը. «Պատրաստակամություն մասնակցել բանավեճերին, եւ ունենք բազմաթիվ պատվեր, երբ հրաժարվել են»: Մինչ բոլորն զբաղված են ընտրություններով, շինարարական մի կազմակերպություն հողին է հավասարեցնում Աբովյան փողոցի վրա գտնվող 130 տարվա պատմամշակութային արժեք համարվող ԱՕԿՍ-ի շենքի հետնամասը. «Տարածքը ձեռք ա բերել «Լոկալ Դիվելոփըրսի» տնօրեն Սամվել Մայրապետյանը: Մեր տեղեկություններով այստեղ հյուրանոցային համալիր պետք է կառուցվի»: 2012-ի ընտրություններից մեկ օր անց ԿԸՀ-ն ամփոփում է նախնական արդյունքները եւ արձանագրում, որ խորհրդարան է մտնելու 6 կուսակցություն, ներառյալ այդ պահին կոալիցիոն կառավարության մաս համարվող Հանրապետականը, ԲՀԿ-ն եւ Օրինաց երկիրը: Բողոքողները շատ չեն։ Ի դեպ, ոստիկանությունը քվեարկության ընթացքում ստացել է հանցագործության մասին 78 հաղորդում: 2012-ի ընտրությունների օրը առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելում է ընդդիմադիր երեք ուժերի միասնական շտաբ: Նա եկել էր ասելու, որ ընտրությունների ընթացքն արդեն իսկ հիասթափեցրել է նրան, թեպետ փորձել է լինել լավատես. «Հա, կարող են զոռբայությամբ ընտրակեղծիքներով նորից պահպանել իշխանությունը: Հետո՞ ում հաշվին են պահպանում էդ իշխանությունը: Ում նկատմամբ են հաղթանակ տանում՝ մեր նկատմամբ, Դաշնակցության նկատմամբ, ԲՀԿ-ի նկատմամբ: Այդ հաղթանակը նրանք տանում են ժողովրդի նկատմամբ»: Ընդդիմադիր երեք ուժերի միասնական շտաբը 2012-ի ընտրությունների հաջորդ օրը անարժանահավատ է համարում արդյունքները: Հանրապետական Էդուարդ Շարմազանովն, ընդհակառակը, այս ընտրությունները համարում է լավագույնը 21-րդ դարի ընթացքում: