Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պերմյակովի գործը Վճռաբեկ դատարան է հասել (տեսանյութ)

Քաղաքականություն
pe-1-1

Վճռաբեկ դատարանը   վերադարձրել  է Ավետիսյան ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը:   Վճռաբեկ  դատարանը  համարել է, որ  բողոքը պետք է ուղարկվի նաեւ  տուժողների իրավահաջորդների մյուս ներկայացուցչներին։  Ձեւական սխալները շտկելու համար կողմին տրամադրել է 5 օրյա ժամկետ։ «Քրեական դատավարության օրենսդրությամբ նման պայման նախատեսված չէ, ըստ էությամբ բողոքի պատճենը ուղարկվում է գործին մասնակից անձանց եւ ճիշտ հասկացեք, նույն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հանդիսանում եմ նաեւ ես, նաեւ Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը: Մենք ինքներս մեզ բողոքի օրինակ պետք է ուղարկենք»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Թեեւ  օրենքով սահմանված   5 օրյա ժամկետում  բողոքը ուղարկվել է մյուս ներկայացուցիչներին եւ կրկին դիմել են Վճռաբեկ դատարան, սակայն փաստաբան Արամազդ Կիվիրյանը  համոզված է՝  բողոքը նորից հետ կվերադարձվի։ «Ստորադաս դատարանի կողմից արտահայտած վարքագիծը, հետագայում Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը ինձ մոտ համոզմունք են ստեղծում, որ այդ դիրքորոշումը ընդհանուր դատական համակարգի դիրքորոշում է, ոչ նյութական վնասի մասով ՀՀ-ը չի ցանկանում  ՌԴ-ի դեմ քննել քաղաքացիական հայց»: Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության համար 450 հազար եվրոյի քաղաքացիական հայց է ներկայացվել: Ըստ Արամազդ Կիվիրյանի՝ այստեղ գումարի չափը չէ, որ էական է, եւ գումարի չափով չի պայմանավորված իրենց  պահանջի ներկայացումը: «Պահանջի ներկայացումը անհրաժեշտ է եղել, քանի որ պահանջի ներկայացումը կստեղծեր այնպիսի իրավիճակ, որ դատարանը պարտադրված կլիներ քննել այն փաստական հանգամանքները, որոնք մեր կողմից վկայակոչվում էին:  Ռուսաստանի դաշնության անգործությունը եւ որոշակի ոչ իրավաչափ գործողությունները, որոնք դրսեւորել էին:  Բազմաթիվ անգամներ նշել ենք, որ ՌԴ-ն տեղեկացված լինելով իր զինվորի խնդրի մասին, վերջինիս արգելված է եղել, օրինակ զենք կրել, այնուամենայնիվ ուղարկել է այդ անձին այստեղ ծառայություն իրականացնելու եւ տվել է զենք իր ձեռքը»,- ասաց փաստաբանը: 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյան ընտանիքի անդամներին սպանելու համար  ՌԴ զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման: