Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շահագործումից հետո երեխան չի պատկերացրել, որ կարելի է գնալ ուրիշ տեղ (տեսանյութ)

Հասարակություն
trafiqing

2016 թ-ի ընթացքում Հայաստանում բացահայտվել է թրաֆիքինգի 10 դեպք։ Դրանցից 3-ը վերաբերել են սեռական շահագործմանը։ 6-ը ենթարկվել են աշխատանքային շահագործման ՌԴ-ում,  մեկին փորձել են աշխատանքային եւ սեռական շահագործման ենթարկել Թուրքիայում։  Պաշտոնական տվյալներով՝ անցած տարի Հայաստանում անչափահասի շահագործման դեպք չի հայտնաբերվել։ Մինչդեռ, հասարակական կազմակերպությունների տվյալներն այլ են։ «Հիմա աշխատում ենք նման դեպքի հետ, որ մանրամասները բացահայտել դեռեւս չի թույլատրվում, քանի որ դեռ քննություն է ընթանում»,-ասում է «Ամքոր Հայաստան» կազմակերպության հակաթրաֆիքինգային եւ առողջապահական ծրագրի համակարգող Վիկտորիա Ավակովան։ Աղջիկը, որի հետ դեպքը պատահել է, մանկատան սան է եղել։ Հենց մանկատան ու գիշերօթիկների սաներն են, որ ամենախոցելին են համարվում ու առավել հաճախ են հայտնվում  շահագործվողի կարգավիճակում։ Այս առումով մերօրյա «Գիքորներն» էլ քիչ չեն։ «Ամքորում» հիմա էլ հիշում են հեռավոր գյուղերից մեկից Երեւան եկած անչափահասի պատմությունը։ «Իրեն շատ դաժան շահագործել են, ինքը չէր էլ պատկերացնում, որ կարելի է գնալ ուրիշ տեղ, որ ուրիշ կյանք կա, իրեն օգտագործել են ճնշում չգործադրելով, անգամ փակի տակ չեն պահել»։ Թրաֆիքինգի զոհ դառնում են նաեւ այն մարդիկ, որոնք ֆինանսական խնդիրներ ունեն ու փորձում են խնդրի լուծման լավագույն տարբերակը գտնել արտերկրում։ «Ունենում ենք դեպքեր, որ ընտանիքն է մեզ զանգում, ասում է՝ երեխայիս ուղարկել եմ Ռուսաստան։ Հարեւանն է տարել։ Հարցնում եմ՝ երեխան քանի տարեկան է, ասում է՝ 21։ Ուղակի ժողովուրդը էն վիճակում է, որ ամեն ինչի հավատում է, կորցնում է ինքնապաշտպանման բնազդը ու երեխաներին ուղարկում է Սիբիր, Յակուտիա»։ Աշխատանք Ռուսաստանում. նման հայտարարություններ հիմա համացանցում՝ որքան ասես։ Ինչպե՞ս չխաբվել եւ չհայտնվել շահագործվողի դերում։ Մասնագետները խորհուրդ են տալիս մի լավ փորփրել համացանցն ու տեղեկություններ գտնել կազմակերպության մասին։ Կարեւոր է նաեւ, որ մինչ գնալը կազմակերպության հետ պայմանագիրը ստորագրվի։ «Անգամ եթե կա այդ պայմանագիրը, պետք է շատ ուշադիր կարդալ այն, մեր ժողովուրդը չի կարդում, ստորագրում են, հետո սկսվում է։ Մեզ մոտ եղել են դեպքեր, որ ասում են ինձ փող չեն տվել գործակալությունն էլ ինձնից փող է պահանջում»։ Պարզվել է՝ պայմանագիրը, որ ստորագրվել է, միջնորդի՝ գործակալության հետ պայմանագիր է եղել։ Եղել են նաեւ դեպքեր, երբ հարցուփորձ անելու դեպքում աշխատանք առաջարկողը հրաժարվել է պոտենցիալ զոհից։ Ավելին՝ տեսանյութով