Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թուրքիայից վարակված սերմեր են ներկրում Հայաստան». Հրաչ Բերբերյան (տեսանյութ)

Տնտեսություն
b44ee8417dcb498024a5cd5c30bf7247

«Վերջին 1-2 ամսվա ցուրտը էական վնաս է հասցրել դեղձենուն և բալենուն» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ ծիրանենու հետ կապված ուսումնասիրությունները կավարտվեն մեկ շաբաթից. «Համենայն դեպս, ծիրանենին ավելի կայուն ծառ է, քան, ասենք, դեղձենին։ Մեր հույսը դա է»,-ասաց պարոն Բերբերյանը։ Նրա խոսքով՝ ցուրտը վնասներ է հասցրել նաև կարտոֆիլի սերմացուին։ «Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ ամենամեծ վնասը Արարատյան հարթավայրում  (40 %), Շիրակի (40 %) և Գեղարքունիքի (30 %) մարզերում է։ Այն սերմնացուն, որը գյուղացին վաղ գարնանացանի համար էր պահել, ցրտահարված է, և այս տարի մեր բերքը մեզ չի հերիքի»։ Հրաչ Բերբերյանը հավելեց, որ սա արդյունք է նաև պետության անտարբերության։  «Կառավարությունը մատների արանքով է նայում գյուղատնտեսությանը։ Փոքր բիզնես՝ խնդրեմ, ծրագրեր են ներկայացնում՝ խնդրեմ»,-ասաց նա՝ նշելով,որ օրերս հանդիպել են վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Լուրջ քննարկում ունեցանք, որ սկսենք մորմազգի ցեցի դեմ պայքարը։ Եթե մենք ուզում ենք լոլիկի, տոմատի մածուկի արտադրությանը զարկ տալ Հայաստանում, ապա պետք է  մորմազգիների դեմ պայքարենք։ Օգոստոսի վերջին լոլիկի դաշտերը ոչնչացված են, էլ չեմ ասում, որ այն վնաս է տալիս նաև սմբուկին, պղպեղին, սրա դեմ ավիացիոն պայքար է պետք»։ Պարոն Բերբերյանի խոսքով՝ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը այս հարցով հրավիրել է քննարկման, ինչը վրդովեցրել է իրենց. «Ի՞նչ քննարկման մասին է  խոսքը, մենք դա քննարկել ենք, չէ՞, որ ներկայացրել ենք վարչապետին։  Ես նրան հարցնում եմ՝ դուք դե՞մ եք մորմազգի ցեցի դեմ պայքարին,ասում է՝ այո։ Եթե սրա հետ կապված նախարարությունից բացասական պատասխան ստացանք, մենք պահանջելու ենք փոխնախարարին ազատել աշխատանքից»։ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահին անհանգստացնում է նաև Թուրքիայից և Բելառուսից ներկրվող անորակ ու վարակված սերմնացուների հարցը։ «Թուրքիայից բերում են պարենային կարտոֆիլի անվան տակ, հետո  գյուղացիներին վաճառում որպես սերմնացու, որը վարակված կարտոֆիլ է։ Մեր հողերն են վարակում, սրանից ուժեղ պատերազմ ո՞վ է տեսել։ 1-2 տարի էլ այսպես՝ գյուղատնտեսությունը կթաղենք Հայաստանում»։