«Գագիկ Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիան բխում է բոլոր կողմերի շահերից» (տեսանյութ)
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը տարբերվում է նախորդներից՝ վստահ է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ նրա՝ այս անգամ այն ավելի խիստ էր ու կոնկրետ. «Բնականաբար, ելնելով դիվանագիտական առանձնահատկություններից, այնտեղ կոնկրետ հասցեատերը նշված չէր, բայց հայտարարության մեջ արված շեշտադրումներից հասկանալի էր, թե ում էին դրանք ուղղված: Ապրիլյան իրադարձության նախաձեռնող կողմի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, խոշտանգումների հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հատուկ շեշտադրվում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելության ֆորմատի ավելացման, շփման գծում վստահության մեխանիզմների ձգտման հետ կապված խնդիրները՝ դրանք բացառապես կապված են Ադրբեջանի հետ»: Քաղաքագետը սակայն միեւնույն ժամանակ հիշեցրեց, որ դիվանագիտական գործընթացը շփման գծում և արցախյան հակամարտության շուրջ կայունության պահպանման գործընթացի էլեմենտներից մեկն է. «Հայկական կողմի համար ամենակարևորը կոնկրետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բաղադրիչն է»: Սերգեյ Մինասյանն անդրադարձավ նաեւ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան- ԵՄ բանակցությունների հերթական փուլին. «Բավականին լուրջ հույսեր կան, որ հաջորդ տարի կունենանք այդ նոր շրջանակային պայմանագիրը, որը փաստացի կարելի է ասել կլինի Ասոցացման պայմանագրի ավելի պարզեցված տարբերակը, իր մեջ կներառի ոչ միայն քաղաքական, նաև տնտեսական, այլ ոլորտների շուրջ պայմանավորվածություններ, իրավական բազա, որը կստեղծի նաև իրական շրջանակներ Հայաստան - ԵՄ հետագա համագործակցության համար»: Խոսելով սպասելիք ներքաղաքական իրադարձությունների մասին՝ նա առանձնացրեց Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները. «Տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի քաղաքական ռեինկարնացիա: Հասկանալի է, որ այդ հանգամանքը բխում է իշխանությունների, ԲՀԿ ղեկավարի եւ իր թիմի շահերից: Հասկանալի է, որ այդ քաղաքական ուժն իր մեջ ներառում է բավականին լուրջ ֆինանսական, մարդկային ռեսուրսներ, որոնք միշտ չէ, որ տեսանելի են Հայաստանի քաղաքական դաշտում, բայց կկարողանա՞ նա վերականգնել այդ ռեսուրսները, ինչ ունեցել է մինչեւ քաղաքականությունից հեռանալը, ցույց կտա ժամանակը»: Քաղաքագետը նաեւ նշեց, որ այն, որ ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը, կարող է հանգեցնել հետաքրքիր զարգացումների եւ ավելի անկանխատեսելի դարձնել նախընտրական պայքարն ապրիլյան ընտրություններից առաջ: