«Եթե անգամ մենք ուզենանք տարածքներ տալ, հնարավոր է, որ մեզ թույլ չտան» (տեսանյութ)
Տարածքների վերադարձման ձեւակերպումն արդեն նշանակում է, որ տարածքներն իրենցն է, նման ձեւակերպմամբ մենք մեզ զավթիչի դեր ենք վերապահել. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։ Ըստ նրա՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ հռետորաբանության մեջ, որ ընտրել են հայ դիվանագետները, կան բազմաթիվ բացթողումներ. «Հայկական կողմը որեւէ անգամ չբարձրացրեց ադրբեջանահայերի խնդիրը, Նախիջեւանի հարցը։ Հայկական կողմը նաեւ առհասարակ չի խոսում ԼՂ հարցը իրավական հիմքերի վրա քննարկելու մասին»։ Առհասարակ, Մանասյանի դիտարկմամբ, տարածքների վերադարձը սոսկ բանակցային հռետորաբանություն է, որը որեւէ առնչություն չունի իրականության հետ։ «Արդեն 25 տարի այս հարցը քննարկվում է: Կողմերը բանակցությունների ընթացքում ընտրել են 3 լեզվական մոտեցում. Ադրբեջանն ընտրել է ռազմաշունչ հայտարարությունները, հայկական կոմն ընտրել է առավել փափուկ հռետորաբանություն, իսկ Ստեփանակերտն ասում է՝ տվողը դուք չեք, որ տաք: Իրականում, եթե անգամ մենք ուզենանք տալ, հնարավոր է, որ մեզ թույլ չտան, քանի-որ այստեղ կան շատ ավելի մեծ խաղացողներ»,-ասաց քաղաքագետը: