Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիզաների կենտրոն»-ում քաղաքացիներին նվաստացնում են. Ն. Զոհրաբյան

Քաղաքականություն
visa

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեն քննարկվեց Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, որ 2016-17թթ. ԵՄ մեր անդամակցության գումարը կկազմի 78 հազար եվրո, իսկ ԵՄ գործընթացների մասնակցության գումարները կտրամադրվեն ՓՄՁ ազգային կենտրոնի ֆինանսական միջոցներից, այլ ոչ պետական բյուջեից: ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցը փոխնախարարին վերաբերում էր ԵՄGSP+ տնտեսական համակարգին. «Կա մտահոգություն այս համակարգի հետ կապված. Չնախաստորագրելով ԵՄ խորը եւ համապարփակ տնտեսական համաձայնագիրը, միայն բացասական հետեւանքներ տեսանք, իսկ ԵՏՄ անդամակցելով՝ դեռ պլյուսներ չենք տեսել, միայն մինուսներ: Այն իրավական նոր փաթեթը ԵՄ-ՀՀ, որը հուսով ենք մոտ ժամանակներս կվավերացվի, տնտեսական բաղադրիչը ինչ ծավալով է ներառված լինելու այնտեղ, քանի որ ԵՏՄ-ից խերը չենք տեսել դեռ»: Տիկին Զոհրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր «Վիզաների կենտրոն»-ին. «Այդ չարաբաստիկ կենտրոնը ՀՀ քաղաքացիներին ենթարկում է նվաստացման ռիտուալների. ընդամենը սկրեպ խփելու համար պարտադրում են ընտանիքներով գալ կենտրոն, ու տասնյոթ հազար մի տեղ ես մուծում, չգիտեմ ինչքան՝ մեկ այլ տեղ: Մենք վավերացրել ենք Եվրոպական երկրների  հետ վիզաների ռեժիմի դյուրացման պայմանագիրը, սակայն վիզա ստանալը ոչ միայն բարդացել է, այլեւս նվաստացման ռիտուալներ է ստացել: Հիմա հարց՝ այդ ի՞նչ կանտորա է, ի՞նչ մարմին է ու ո՞ւր են գնում քաղաքացիների գումարները»: Կարեն Նազարյանն արդար համարեց այդ դժգոհությունները. «Անշուշտ կենտրոնի ստեղծման սկզբից ստացել ենք բողոքներ, նամակներ, ու երբեւէ դրանք աննկատ չենք թողնում՝ մշտապես այցելություններ են անում ԱԳՆ համապատասխան պատասխանատուները կենտրոն: Վճարվող գումարն, այո, չպետք է լինի ավելի, քան երեսուն եվրո: Վիզաների կենտրոնը վիզաներ է տրամադրում չորս պետության համար եւ ամեն օր սպասարկում է  200-250 մարդ: Նաեւ՝ ընդլայնվել է կենտրոնի տարածքը, որ հարմարավետ լինի քաղաքացիների համար»: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինքը չէ, սակայն իր ընտանիքը առնչվել է կենտրոնի հետ ու վճարել է երեսուն հազար դրամ: Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն արձագանքեց GSP+ տնտեսական համակարգի վերաբերյալ հարցին. «Բանակցությունների մեր հայտը հազար էջից ավելի է եղել: Այս համակարգը գործում է, դրա շրջանակներում մենք օգտվում ենք 6400 անուն ապրանքների արտոնություններից: Համեմատություն է արվում Ասոցացման նախկին պայմանագրի հետ: Այսօր կան տարբերություններ նախկին ու ներկա բանակցվող պայմանագրերի միջեւ: Նոր պայմանագիրն իր բույթով ազատ առեւտրի պայմանագրի չէ ու երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում»: