A
A
Դիլիջանի թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. 700 ուղևոր դուրս է բերվել
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջանի ոլորաններում, երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Սևանից դեպի Դիլիջանի մուտք և թունելից մինչև Դիլիջան հատվածներում: Երթևեկության հետ կապված փոփոխության դեպքում՝ լրացուցիչ կտեղեկացնենք: ՀՀ Ոստիկանություն
Դիլիջանի ոլորաններում արգելափակված մեքենաներում 700 ուղևոր է եղել
Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին` թունելի մոտակայքում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը: ԱԻՆ-ից հայտնում են, որ այդ հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 250 մարդատար և 6 բեռնատար ավտոմեքենաներ (700 ուղևոր):
Այսօր ավելի վաղ՝ ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ «Չայնի» կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):
ԱԻՆ
Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Աշտարակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձնախառն անձրև:
Առատ ձյան պատճառով դժվարանցանելի է Դիլիջանի լեռնանցքը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները, կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն