Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստին թույլ չեն տալիս հատել սահմանը

Հասարակություն
nara

Ստվարաթղթե հայտնի տանկի հեղինակ «Հակահարված» արտ խմբի անդամ Արտակ Գեւորգյանին արդեն 2-րդ անգամն է՝ չեն թողնում հատել հայ-վրացական Բագրատաշենի անցակետը: «Ա1+»-ի հետ զրույցում Արտակ Գեւորգյանը նշեց, որ հունիսի 24-ին դատարանում արդարացվելուց հետո երեկ իրեն հերթական անգամ չեն թույլատրել՝ հատել սահմանը. «Այս տարի «Տանկի գործով» արդարացվել եմ, մեկ ամիս անց այն պետք է մտներ օրինական ուժի մեջ: Դրանից հետո ես գնացել եմ հայ-վրացական Բագրատաշենի անցակետ: Ինձ ձերբակալել են, ասել են, որ ինձ վրա սանկցիա կա, չեմ կարող բացակայել երկրից: Ապա կանչել են Բագրատաշենի ոստիկաններին, եւ նրանք տեղյակ են եղել, որ «Տանկի գործն» է, սակայն հայտնել են, որ համակարգչից ինձ վրա եղած սանկցիան չի հանվել: Ինձ բաց թողեցին, ասացին՝ գնա տուն ու քո հարցերը լուծի, մենք ոչինչ չենք կարող անել»: Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, երբ նա 2015թ. դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը իր սարքած ստվարաթղթե կանաչ տանկով քաղաքական ակցիա էր արել քաղաքում՝ հայտնելով իր դժգոհությունը Սահմանադրական հանրաքվեի հետ կապված։ Ստվարաթղթե տանկով նա հարվածել էր ԱԱԾ շենքի դարպասներին: Երեկ, մինչ կրկին անգամ սահմանը անցնելը, Արտակ Գեւորգյանը դատավոր Գագիկ Պողոսյանից ճշտել է՝ կարո՞ղ է անցնել սահմանը, թե ոչ. «Մի քանի պետական պատկան մարմիններից եւս ճշտել եմ, եւ պատասխանը դրական է եղել՝ այո, կարող եմ՝ եթե դատարանից ունեմ թուղթ, ուրեմն արդարացված եմ, շատ հանգիստ կարող եմ անցնել սահմանը՝ անկախ նրանից համակարգչում ինչ է գրված: Արդարացման որոշման պատճենը կա, սակայն սահմանապահներին չի հետաքրքրում՝ ինչ կա իմ ձեռքին. իրենք վկայակոչում են համակարգչի տվյալները, որ կարմիր է ցույց տալիս իմ անվան դիմաց, ու իրենք չեն թողնի հատել սահմանը:»: Սահմանից նա զանգահարել է ՄԻՊ գրասենյակ, ասել, որ իրեն ձերբակալել են ու տանում են Բագրատաշենի ոստիկանություն. «ՄԻՊ-ն ինձ ասել է, որ նման նախադեպեր իրենք էլի ունեցել են, մենք ոչինչ անել չենք կարող, խնդիրը համակագային է,  կներեք, որ մենք ոչինչ անել չենք կարող»: Արտակ Գեւորգյանը չի բացառում, որ այս խոչընդոտները հիմնականում կապված են նրա հետ, որ իր գործն առնչվել է ԱԱԾ հետ. «Սահմանապահներն ասել են, որ համակարգչից իմ անուն-ազգանունը հանելը մի վայրկյանի գործ է, սակայն, ստացվում է, չեն անում: Պետական պատկան մարմինները մեկը մյուսի վրա են գցում համակարգչի միջից իմ տվյալները հանելու պատասխանատվությունը»: Ակտիվիստը  հիմա գտնվում է Բագրատաշենի անցակետի մոտակայքում, Երեւան վերադառնալուն պես կփորձի հասկանալ՝ ով է մեղավոր. «Ով պատասխանատու է այս խոչընդոտների համար, պետք է պատասխան տա: Ես դա կպահանջեմ»: