Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Գասպարյանը լքել է խմբակցությունը՝ գործարար ղեկավարի պատճառով

Քաղաքականություն
Artur-Gasparyan-nkar

Այսօր Երևանու ավագանու նիստին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ խմբակցության կազմից դուրս գալու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում վերջինս մեկնաբանեց իր քայլը. «Թե մեր կուսակցությունը, թե ես համոզմունք ունենք, որ բիզնեսը պետք է տարանջատված լինի քաղաքականությունից։ Այդ հանգամանքը ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր։ Համոզված եմ, որ խմբակցության ղեկավարը՝ այս դեպքում Գագիկ Բաղդասարյանը,  չպետք է լինի գործարար, այլապես ինչո՞վ կտարբերվենք իշխանական կուսակցությունից։ Իր հետ որևէ խնդիր չունեմ, հարգանքով եմ վերաբերվում, կարծում եմ՝ ինքն էլ իմ հանդեպ։ Սակայն կարծում եմ՝ երկիրն այսօր այս վիճակում է, քանի որ բիզնեսը խառնված է քաղաքականությանը և հակառակը»։ Հիշեցնենք, որ Գագիկ Բաղդասարյանը մեկ տարի առաջ է ընտրվել խմբակցության ղեկավար։ «Ես և «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դեմ էինք, սակայն այդ խնդիրը մեր ներքին խոհանոցից դուրս չհանեցինք։ Մենք փետրվարին եկանք համաձայնության, որ հունիսին պետք է փոխվի խմբակցության  ղեկավարը։  Ասեմ, որ ես չեմ հավակնում լինել այդ պաշտոնում։ Խմբակցության վերջին նիստին պարզվեց, որ պայմանավորվածությունը հօդս ցնդեց։ Իսկ ես չեմ ցանկանում խմբակցության վեց անդամներից մեկը լինել, որի անունից կարող է ինչ-որ մեկն իշխանությունների հետ  բանակցություններ վարել անձնական բիզնեսի և այլ հարցերով։ Չնայած նման փաստեր չունեմ, բայց այդ ռիսկը կա։ Ես համոզմունք ունեմ, որ այդ խնդիրը պետք է գլխից բացառվի»,-շեշտեց Արթուր Գասպարյանը։ Նա չի ցանկացել դեմ գնալ սեփական սկզբունքներին. «Ես օր ու գիշեր իշխող վարչախմբին և նրա կերակրատաշտից օգտվողներին քննադատում եմ։ Բայց  սկզբունքներս ինքս իմ վրայով պետք է անցկացնեի և դրան չկարողացա համակերպվել»։ Սակայն պարոն Գասպարյանը շարունակելու է իր գործունեությունը՝ որպես ավագանու անդամ։ Նշենք, որ Արթուր Գասպարյանը «Ժողովրդավարական ուղի» կուսակցության հիմնադիրն է, վաղամեռիկ Մանուկ Գասպարյանի որդին։