Դա աննորմալություն է. պաշտոնյան՝ երգչուհու թաղմանը երեխաներին բերելու մասին
ՕՖելյա Համբարձումյանի հուղարկավորությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը տեղյակ չէր, որ երեկ երգչուհուն վերջին հրաժեշտ տալու համար պետք է մանկահասակ երեխաներ ներկա լինեին: «Ա1+»-ի հետ զրույցում մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ իրենք որեւէ կապ չունեն. «Աբսուրդ կլիներ, եթե կառավարական հանձնաժողովը նման որոշում կայացներ: Այդ հարցն ինձ էլ է հետաքրքրում, երեւի որեւէ դպրոցի նախաձեռնություն է, դե յուրաքանչյուր եկող ուզում է իր ձեւով վիշտը արտահայտի: Երբ մենք տեսանք, որ բերել են, երեխաներին շարել են, խնդրեցի, որ հանեն: Կարծում եմ՝ նպատակահարմար չէր այդ տարիքի երեխաներին բերել այդտեղ, առավելևս ինչ-որ հրաժեշտի կատարումներ անել, հավանաբար տնօրենն էլ իր կարծիքով այդպես ճիշտ է համարել»։ Արթուր Պողոսյանը չգիտեր, թե որ դպրոցի ներկայացուցիչներն են այդտեղ եղել, բայց դպրոցի տնօրենի որոշումը որակեց որպես երգչուհուն հրաժեշտ տալու անհաջող փորձ. «Ուզում էին ինչ-որ խոսք ասել, հավանաբար, հատուկ հագուստով էին եկել, ենթադրում եմ, որ ինչ-որ բան էին նախապատրաստում, բայց մենք խնդրեցինք, որ երեխաներին հանեն այնտեղից: Կարելի է, իհարկե, երեխաներին բերել հրաժեշտ տալու, բայց դրա համար ձև կա, տարիք կա, արարողակարգ կա։ Համարենք վատ միջադեպ, տնօրենի ինքնագործունեություն, մի քիչ էլ առանց հասկանալու, ինքս էլ համարում եմ, որ սխալ է եղել»: ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նույնպես տեղյակ չէ, թե որ դպրոցի աշակերտներն էին կանգնած Օֆելյա Համբարձումյանի աճյունի մոտ: «Ա1+»- ի հետ զրույցում Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ չի տեսել այդ նկարը ու հավելեց, որ եթե երեխաները փոքր են եղել՝ 2-րդ կամ 3-րդ դասարանի, ապա դա աննորմալություն է. «Ես, օրինակ, իմ դասղեկի հոգեհանգստին մասնակցել եմ, եղել եմ 6-րդ դասարան, հետո մի անգամ էլ 7-րդ դասարանում գնացել եմ Պարույր Սեւակի թաղմանը, մինչեւ գերեզման եմ գնացել, դե չեմ սարսափել»: Ավելի ուշ պարզ դարձավ, որ երեխաները Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաներն են։ Դպրոցի տնօրենը Թովմաս Պողոսյանն է, որն էլ լրատվամիջոցներին նախ հայտնել է, թե նախաձեռնությունը եղել է ծնողներինը, ապա ասել, թե հուզմունքից չեն գիտակցել, թե ինչ են արել;