Ռազմական բժիշկը ոգևորված է վերադարձել սահմանից (տեսանյութ)
Նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը նոր է վերադարձել սահմանից: Արագածոտնի մարզից երկու աշխատանքային խումբ էր կազմվել, եւ մեկնել էին սահման: Վարուժան Հակոբյանի խոսքերով՝ խնդիրը առաջին գծում գտնվող հիվանդ ազատամարտիկներին, զինծառայողներին դեղորայքային եւ հիգիենիկ միջոցներով ապահովումն էր: «Շատ հեշտ է գտնել պատճառներ: Ասել սա է պակաս, այն է պակաս: Ռազմական բժշկությունը ունեցավ լուրջ զարգացման փուլեր եւ ակնհայտ առաջխաղացում: Փոքրիկ թերությունները, որ կարող են լինել, շտկելի են։ Սանիտարահիգիենիկ փոքրիկ բացթողումներ կային, որ շտկեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին ռազմական բժիշկը: Անդրադառնալով բանակի համար հավաքվող գումարներին՝ Վարուժան Հակոբյանը նշեց, որ մեր բանակն այսօր ապահովված է բժշկական անհրաժեշտ միջոցներով.«Բժշկական ունեցվածքով , տեխնիկայով, ավտոտեխնիկայով: Եթե ավելի շատ լինի, շատ ավելի լավ, իհարկե օժանդակությունն ավելի նպատակային կօգտագործվի: Ես տեսա նոր մեքենաներ, որոնք կարելի է ակնկալել, որ նոր էին բերված»: Նրան ավելի շատ ոգեւորել է երկու-երեք սերունդների առկայությունը մարտական դիրքերում: «Միայն մեր ազգը կարող է իրականացնել այդ աշխատանքը, գործելակերպը: Ունենք փոքրին սիրելու, մեծին հարգելու ներդաշնակ մթնոլորտը, որն ապահովվեց նաեւ մարտական ոգին»,- եզրափակեց նախկին ռազմական բժիշկ Վարուժան Հակոբյանը: