Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է. քաղաքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
qaxaqaget

«Վիեննայում կայացած՝ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը ոչ մի լավ բան չտվեց եւ չի տալու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով. «Պատերազմից հետո շփումը նման թշնամու հետ լավ բան չի կարող տալ, բացի նրանից, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին չվիրավորեց՝ չգնալով Վիեննա: Սա միակ դրական բանն է, որ կարելի է տեսնել այսօր»: Անդրադառնալով հանդիպմանը հաջորդած՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե հնարավոր է փոխզիջում, բայց փուլ առ փուլ, քաղաքագետը նշեց. «Լավրովը աշխարհի լավագույն դիվանագետներից է, բայց ամենագետ չէ: Վստահ եմ, որ նա չէր հիշում փուլային եւ փաթեթային տարբերակի խնդիրների մասին Հայաստանում, երբ ժամանակին դրանք բերեցին առաջին նախագահի հրաժարականին, հակառակ պարագայում՝ իր խոսքը կփաթեթավորեր այլ՝ ավելի դիվանագիտական ձեւակերպումներով: Խոսքի սայթաքում տեղի ունեցավ, եւ ասվեց ճշմարտությունը: Դա փաստացի նշանակում է վերադարձ փուլային տարբերակի: Դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը մոտավորապես հայտարարեց, որ լինելու է փաթեթային լուծում՝ փուլային հանգրվաններով: Դա նշանակում է, որ մենք մի քիչ հղի ենք, բայց հղի չենք, եւ կարիք չկա անհանգստանալու, որովհետեւ չենք ծննդաբերելու, թեեւ ծննդաբերելու ենք: Այսինքն՝ փուլայինը փուլային է, փաթեթայինը՝ փաթեթային»: Հայկ Մարտիրոսյանը զարմանում է, թե ինչու ենք մենք ուզում կարգավորված տեսնել Լեռնային Ղարաբաղի խնդիրը: «Լեռնային Ղարաբաղի խնդիրը մեզ համար կարգավորված է, չկարգավորված է այն մասով, որ պետք է հետ բերենք կորցրած այն 800 հեկտարը , որի մասին հայտարարվեց: Մենք փաստացի հաղթել ենք, կա հայկական երկրորդ պետություն, որն այս պատմական փուլում պետք է դարձնենք Հայաստանի վերջին մարզը: Ինչու՞ ենք մենք ուզում, որ պատերազմ չլինի: Պատերազմ լինելու է յուրաքանչյուր պարագայում»: Հայկ Մարտիրոսյանը նշեց նաեւ, որ Հայաստանը պետք է բացառի յուրաքանչյուր փոխզիջում. «Մենք ակնկալում ենք, որ ինչ-որ զիջումներ անելով՝ կհասնենք խաղաղությա՞ն: 20 եւ ավելի տարիներ բանակցություններ են եղել, եւ բացահայտվել է դրանց բովանդակությունը, որը ենթադրում էր տարածքներ խաղաղության կամ կարգավիճակի դիմաց բանաձեւը: Ադրբեջանը մերժել է բոլոր այդ տարբերակները, դա նշանակում է, որ իրենք տրվելիք տարածքներին, որին, ցավոք, պատրաստ է եղել Հայաստանը, անգամ դրան համաձայն չեն եղել: Իրենք ուզում են ամբողջ Ղարաբաղը՝ մերձակա տարածքներով: Ինչու՞ մենք  պետք է ընդհանրապես փոխզիջենք, որ մեր պարտված թշնամին մեզ կարգավիճակ զիջի՞ կամ ճանաչու՞մ: Աշխարհում բազում տարածքներ հանգիստ ապրում են առանց ճանաչման: Ինչու՞ ենք անընդհատ ճանաչում աղերսում թշնամուց»: