Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հ. Սահակյանը կոչ է անում հետաձգել նախագծի քննարկումը (տեսանյութ)

Քաղաքականություն
hovhanes-sahakyan

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ՀՀ-ն իր գործողությունների մեջ պետք է լինի ավելի հաշվենկատ, վերարժեւորի այն, ինչ ունի: «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի նախագծին՝ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ, նման կարծիք հայտեց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա ընդգծեց՝ երբեւէ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ ՀՀԿ կողմից բացասական վերաբերմունք չի եղել, ՀՀԿ-ն ընդամենը չի մասնակցել քվեարկությանը. «Չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի մի հայ, որ չի ցանկանա ԼՂՀ-ի միջազգայնորեն ճանաչումը: Սա աքսիոմա է»: Ե՞րբ ՀՀ իշխանությունը կճանաչի ԼՂՀ անկախությունը, պարոն Սահակյանի կարծիքով՝ երբ դիվանագիտական ճանապարհով այլեւս որեւէ բան չունենանք անելու, ու պետք է գնանք այս ճանապարհով. «Կամ երբ մենք կարողանանք այս բանակցությունների արդյունքում հասնել այնպիսի իրավիճակի, որ միջազգային հանրությունն էլ ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ նաեւ մենք միանանք միջազգային հանրությանը եւ ճանաչենք ազատ, անկախ Արցախի հանրապետությունը»: Նա վստահ է՝ երբ կգա ժամանակը, այդ փաստաթղթի տակ կստորագրի ոչ թե երկու պատգամավոր, այլ 131 պատգամավորն էլ ուրախ կլինեն նման փաստաթղթի տակ ստորագրելու: ՀՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ վերջին օրերին Ադրբեջանի բարձրացրած հիստերիան, թե հայկական կողմն այլեւս վտանգի տակ է դնում դիվանագիտական բոլոր միջոցները, Մինսկի խմբի ձեւաչափն այլեւս անելիք չունի, եթե ՀՀ-ն ճանաչի ԼՂՀ անկախությունը,  պետք է հաշվի առնեին նախագծի հեղինակ պատգամավորները. «Այս քայլով կարծես թե որոշակի առումով մենք կարծես թե նվեր մատուցենք թշնամի երկրին: Այս փխրուն իրավիճակում մեր բոլոր քայլերում պետք է լինենք շրջահայաց եւ հաշվենկատ: Մենք որոշ դեպքերում դե ֆակտո, ինչպես նաեւ՝ դե յուրե ճանաչում ենք ԼՂՀ անկախությունը, քանի որ որոշակի համագործակցություն ունենք: Ուզում եմ հավատալ, նաեւ հորդորում եմ իմ գործընկերներին, որ նախագիծը հետաձգենք: Այն, որ Արցախի ճանաչումը պետք է լինի մեր օրակարգային ամենապահանջված, ամենաքննարկվելիք, ամենաթեժ խնդիրը, դրանում որեւէ մեկը կասկած չունի, սակայն այն, որ նման նախագծով մենք չպետք է վտանգի տակ դնենք այս փխրուն իրավիճակը, մենք պետք է դա հասկանանք»: Այս դեպքում, ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ապրիլյան պատերազմից հետո հանդես եկան ԼՂՀ ճանաչման կոչերով, Հովհաննես Սահակյանը պատճառաբանում է՝ այդ կոչերն ու քայլերը լրիվ այլ էին ու միտված էին մեկ այլ բանի. «Մենք ասել ենք, որ փոխօգնության պայմանագիր ենք կնքում, որից հետո կհետեւի ԼՂՀ ճանաչումը: Սա հստակ ազդակ էր ոչ միայն Ադրբեջանին, այլեւ միջազգային ողջ հանրությանը՝ եթե դուք տեր չեք կանգնում ձեր իսկ ներկայությամբ, ձեր իսկ երաշխիքներով ստորագրված փաստաթղթերին, մենք ի վիճակի ենք մեր ներքին եւ արտաքին խնդիրները լուծելու ինքներս, լուծելու մեր ուժով, մեր բանակով, մեր պոտենցիալով, մեր դիվանագիտական կորպուսով»: