Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է՝ հարձակման երկրորդ ալիքը լինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-azatamartikner

«Դա ոչ թե լայնածավալ ճակատային հարձակում էր հակառակորդի կողմից, այլ ուղղակի փորձ էր՝ ստուգելու, թե որքանով ենք մենք պատրաստ պատերազմի: Կարծում եմ, որ առջևում, որքան էլ որ ցավալի է, բայց երկրորդ ալիքն էլ է նախատեսվում և սպասվում»,- նշում է  ազատամարտիկ Դմիտրի Մարտիրոսյանը՝ խոսելով ապրիլյան իրադարձությունների մասին: Այս համատեքստում վերջինս նաև նկատում է, որ  երկրորդ ալիքը հնարավոր է, որ լինի մայիսի 8-9-ի կողմերը: «Անխուսափելի է, որ նման փորձեր կարող են լինել: Չպետք է մոռանանք, որ այնտեղ առաջին հերթին աշխատում են նաև թուրք բանակի խորհրդականները, իսկ նրանք միշտ  հետամուտ են նման բաների»,-նշեց նա: «Ա1+»-ի հարցին, թե ռազմատեխնիկական առումով  համարժե՞ք պատրաստվածություն ունի հայկական կողմը ՝ գերժամանակակից զինամթերքով դիմագրավելու հակառակորդի հարձակումը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Գերժամանակակից չէ, բայց ժամանակակից տեսել ենք և տիրապետում են մեր զինվորները։ Հարկ եղած դեպքում կարող են կիրառել: Իմ կարծիքով՝ առաջին գծում պետք է կանգնած լինեն պայմանագրային ծառայողները, ազատամարտիկները, ովքեր այդ ամենի փորձն արդեն ունեն և դրա համար արդեն պետք է կոնկրետ բարձրացվի աշխարհազոր  ստեղծելու գաղափարը»: Մինչդեռ, ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը համոզված է, որ դա կոնկրետ  պատերազմի վերսկսում էր Ադրբեջանի կողմից,  հակառակ դեպքում նման տրամաչափի զինատեսակներ չէր կիրառի: «Ինձ համար, որպես ազատամարտիկի, շատ մեծ ուրախություն էր, որ այդ օրերին մեր հասարակությունը միահամուռ էր և կանգնած էր բանակի կողքին: Դրանով մենք ցույց տվեցինք հակառակորդին, որ չեն կարող մեզ հաղթել»,-ասաց Գևորգ Գևորգյանը: «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն էլ անդրադառնալով  ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին, նշեց. «Միջազգային հանրությունը միշտ իր խաղերն է խաղում, իրենք շատ լավ գիտեն իրականությունը և շատ էլ լավ այդ ամենը հասկանում են, բայց նայում են, թե իրենց շահերը, որ կողմից է: Նման հարցերում՝ իմ ազգի և մեր իշխանությունների կարծիքն է կարևոր: Փաստն այն է, որ միջազգային հանրությունը միշտ էլ երկու պարանի վրա է խաղում»: Մեր հաջորդ հարցին, թե ինչպես են ազատամարտիկները վերաբերվում տարածքների հանձնման մասին հայտարարություններին, Գևորգ Գևորգյանը պատասխանեց. «Մենք երբեք նախահարձակ  չենք եղել, միշտ պաշտպանվել ենք՝ արժանի հակահարված տալով: Դրա համար այն մարտական գործողությունները, որոնք իրենք իրականացնում են, միշտ ձախողվել է, որովհետև մենք մեկ քայլ հետ գնալու իրավունք չունենք և տեղ էլ չունենք գնալու: Մենք կանգնած ենք եղել մեր տանը՝ իրենք են ագրեսիվ եղել: Եթե կարիքը լինի, հավելյալ զինտեխնիկա էլ կունենանք,եթե, իհարկե,արդեն չունենք: Փոխզիջում գաղափարը ոչ մի հայ մարդու համար ընդունելի չէ, անկարելի բան է և չենք էլ կարող դա պատկերացնել կամ մտածել այդ ուղղությամբ»: Վազգեն Սիսլյանն էլ իր հերթին հավելեց. «Ես ընդհանրապես այդ մտքին կտրուկ դեմ եմ: Մենք պայքարում ենք մեր հայրենիքի տարածքները ազատագրելու համար: Միշտ ասել եմ ու կասեմ՝ ոչ մի սանտիմետր հող չպետք է տանք նրանց, ու ոչ մեկն էլ  չպետք է այդպիսի բան ասի: Ես պայքարում եմ, որ նույնիսկ մեծացնենք՝ Արևմտյան Հայաստանը եկեք չմոռանանք, այն ևս պետք է ազատագրվի»: