Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շրջում են այնպիսի մեքենաներով, որ արաբական շեյխերն իրենց թույլ չեն տա» (տեսանյութ)

Քաղաքականություն
naira-3

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին չի բավարարում պաշտպանության նախարարության գեներալների պաշտոնանկությունը. «Ես գոնե ակնկալում եմ, որ շատ ավելի լուրջ պաշտոնանկություններ պետք է լինեն»: Պատգամավորը չի մոռանում, որ պաշտոնանկ եղած գեներալները խոշոր ունեցվածքի տեր մարդիկ են, մինչդեռ նրանք գործարարներ չեն. «Մեր սպայական անձնակազմը շրջում է այնպիսի մեքենաներով, որոնք իրենց թույլ չեն կարող տալ նույնիսկ արաբական շեյխերը: Որքան ես ծանոթացել եմ նրանց կենսագրությանը, նրանցից ոչ մեկը Մանթաշովի ուղղակի հետնորդը չէ, ժառանգություն չի ստացել եւ պատահաբար գանձ չի պեղել»: Տիկին Զոհրաբյանն այսօր կուզեր լսել պաշտոնանկ եղածներին եւ գործող սպայակազմին՝ թող բացատրեն, եթե հարմար է, թե որտեղի՞ց նրանց այդ ունեցվածքը. «Ես լրջագույն մտավախություն եւ մտահոգություն ունեմ, որ դա կուտակվել է մեր բանակի պակաս սպառազինություն մատակարարելու հաշվին»: Իշխանության ներկայացուցիչը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը, նման պնդումներ չի անի, ինքը լրատվական միջոցներով չի կարդացել Սերժ Սարգսյանի հրամանագրի պատճառները. «Կարող ա աշխատանքային թերացում լինի»: Մի պատճառ կլինի,-ասում է քաղաքական մարմնի ներկայացուցիչը: Ռուբեն Հովսեփյանի խմբակցության մյուս անդամը՝ Լեւոն Մարտիրոսյանը, չի քննարկի գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը. «Եթե պատասխանատվության ենթարկելու խնդիր լինի, այդ քայլին էլ Գերագույն գլխավոր հրամանատարը կդիմի»: Հանրապետական Սուքիաս Ավետիսյան ուզում է հասկանալ՝ իրավական ի՞նչ խնդրում են թերացել պաշտոնանկ եղած գեներալները, որ նրանց պատասխանատվության ենթարկեն. «Էն, ինչ որ հասարակության պահանջն է, էն, ինչ որ հոգեկան ուրեմն մարդկանց վիճակի մեջ գտնվող մարդկանց պահանջն է, դա մենք փաստի եւ իրավաբանական տերմինոլոգիա չդարձնենք»: Այս պահի դրությամբ պարոն Ավետիսյանը չի տեսնում մի զանցանք կամ հանցանք, որոնց համար հիշյալ գեներալները պետք է պատասխան տան դատարանի եւ հասարակության առջեւ: Նրանց շքեղ մեքենաները համենայնդեպս դատարանի թեմա չեն. «Մեր շուրջբոլորը երբ որ կնայենք, մենք շատ ավելի շքեղ մեքենաներ ենք տեսնում, քան բանակի գեներալիտետինն է»: Եվ ընդհանրապես, պարոն Ավետիսյանի տպավորությամբ, մեր հասարակությունն սկսել է դատապարտել ուրիշների շքեղությունը: Եթե միայն գեներալները շքեղ ապրեին, հանրապետական պատգամավորը կհասկանար, որ ինչ-որ բան այն չէ: Բայց ավելի հայրենասիրական չէ՞ր լինի, եթե գեներալիտետը խաղաղության օրերին իր արդար փողով գնած շքեղ ավտոմեքենաները վաճառեր եւ զենք գներ պատերազմի մեջ գտնվող բանակի համար: Դա տարբերակ չէ. «Էդ դեպքում էլ կասեին, որ բանակն այլ հնարավորություն չունի, այլ միջոց չունի, ստիպված մեքենաներն է...  Գիտե՞ք ինչ կա, ամեն անգամ մի բան կգտնվի»: Սա է մեր պետությունը,-ասում է հանրապետական պատգամավորը եւ կոչ անում մտածել: