Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ամեն վայրկյան սպասում էինք, որ պիտի մահանանք». հիշում են թալիշցիները (տեսանյութ)

Քաղաքականություն
talish-nkar

Թալիշցի 46-ամյա Անահիտ Խալափյանն ու 4 որդիները ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը հանկարծակի են եկել հրետակոծություններից։ «Ասի երևի սովորական ա էլի, չէի վեր կենում տեղիցս, պառկած էի, մեկ էլ տեսա չէ, գլխներիս վերևով ա անցնում սնարյադները, տեսա, որ մոտիկ ա ձենը գալիս, վախեցա»,- հիշում է տիկին Անահիտը։ Թալիշի ուղղությամբ ադրբեջանցիներն այս անգամ կրակել են մեծ տրամաչափի զենքերից։ Քանդվել է Խալափյանների տան մեծ մասը, փշրվել պատուհանները։ Հայտնվելով բաց կրակի տակ՝ ընտանիքը վայրկյանների ընթացքում հասցրել է տեղափոխվել  նկուղ։ «Ոնց որ սպասես քո մահվան, ամեն վայրկյան սպասում էինք, որ պիտի մահանանք, վախենում էինք, դողում։ Տղաս մենակ հասցրել է գնալ վեշերը բերի ու կոշիկները, որ հագնենք դուրս գանք, պայուսակի մեջ էլ մեր անձնագիրն է եղել»,- ասում է Անահիտ Խալափյանը։ Տիկին Անահիտն ու որդին՝ Ռուբենը  Երևանում ապրում են քրոջ բնակարանում։ Ավագ որդին պայմանագրային զինծառայող է Արցախում, ժամանակ առ ժամանակ լինում է գյուղում։ «Կուզեինք հետ գնայինք, բայց որ մտածում ես մեկ էլ հետ գնաս տուն տեղ դնես, մեկ էլ թողնես գաս, արդեն կլինի երրորդ անգամը»։ Ո՞ր դեպքում հետ կգնաք տիկին Անահիտ, պատասխանում է. «Որ իմանաս, կռիվ չկա, կռիվը վերջացել ա»։ Չնայած որ երկար ժամանակ չէ, ինչ բացակայում են գյուղից, արդեն կարոտում է սեփական տունը, բակը, հարևաններին։ Ընտանիքի գլխով եկածը տիկին Անահիտին 1990-ականներն է հիշեցրել։ Այն ժամանակ էլ են ստիպված լքել Թալիշը։ Սակայն կարճ ժամանակ անց կրկին վերադարձել են։ «Ինչ որ արել ենք, մեր ուժերով ենք արել, բարեկամներն են օգնել, վեշ-մեշ են տվել, մեր ուժերով ենք լրիվ սարքել, էդքան հարուստ չենք եղել, էլի»։ 16-ամյա Ռուբենը չի հասցրել ավարտել դպրոցը, ապրիլի 1-ին վերջին դասն է հարազատ դպրոցում, հիմա խաղաղությունը դարձել է իր երազանքը։ Ու չնայած Երևանյան կյանքը հոգսաշատ չէ, ինքն անընդհատ մեկ բանի մասին է մտածում.  «Ես ընտեղ եմ մեծացել, 16 տարի ապրել եմ ընտեղ ու կուզենայի վերադառնալ։ Չգիտեմ ինչ կլինի սրա վերջը»,- ասում է թալիշցի երիտասարդը։ Թալիշի հետ Ռուբենին կապող շատ բաներ կան։ Բացի տունն ու դպրոցը, այնտեղ է թողել նաև լավագույն  հիշողությունները ֆուտբոլի մասին։ Գյուղի թիմի հարձակվողներից է եղել, ու մինչ կորոշեն՝ վերադառնալ Թալիշ թե ոչ, խնդիր ունի սպորտային մարզավիճակը պահպանել։ «Սպորտն եմ շատ սիրում, ֆուտբոլը, ու կուզենայի այստեղ էլ գնալ ֆուտբոլի պարապմունքների»։ Երևանում հանգրվանած մայրն ու որդին ընդամենը մեկ ակնկալիք ունեն իշխանություններից՝ գոնե ժամանակավոր տուն հատկացնեն, որ փողոցում չմնան։ Թալիշցի այս ընտանիքին օգնել ցանկացող քաղաքացիները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 098824228, Ռուբեն