Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է լինի ռուս-ադրբեջանական համաձայնություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
Styopa-nkar

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից ԼՂՀ շփման գծում մարտական գործողությունները վաղօրոք պլանավորված է եղել։ «Եվ իմանալով, որ չափազանց կարևոր է լինելու այն հարցի պատասխանը, թե ով է սկսել, Բաքուն ոչ պատահականորեն դեմ էր նախագահների հանդիպումների վերսկսմանը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը, նաև՝ դեմ էր սեղանին դրված տարբերակների քննարկմանը»,-շեշտեց նա։ Մյուս կողմից հետաքրքիր փաստ ունենք՝ կապված Ռուսաստանի պահվածքի հետ. «ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը չի էլ զանգահարել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Իլհամ Ալիևին։ Սա բավականին հետաքրքիր բան է դառնում այն առումով, որ հնարավոր է՝ լինի ռուս-ադրբեջանական համաձայնություն, որպեսզի Ադրբեջանը շանս ստանա որոշակի տարածքներ հետ ստանալու։ Եվ դա  ռուսական սպասողականության խորապատկերին։ Եթե հաղթում է այս ամենում Հայաստանը, ապա Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանին փրկելու առաքելությամբ՝ հայկական առաջխաղացումը կանխելու, ինչպես 1994 թվականին՝ հրադադարի ժամանակ։ Այսինքն, որպես ազդեցիկ միջնորդ, որը փրկում է Բաքվին վերահաս աղետից»։ Պարոն Սաֆարյանը կարծում է, որ այժմ խաղն, ըստ էության՝ Ադրբեջանի շուրջ է։ «Ռուսաստանն ունի Հայաստանին, բայց չունի Ադրբեջանին։ Եթե Ադրբեջանին հաջողվեր մի քանի տարածքներ պահել, այդ դեպքում Ռուսաստանը կատարում էր Ադրբեջանին տված խոստումը։ Դա այն էր, երբ 2008 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված ռազմավարական համագործակցության հռչակագրով ամրագրվեց, որ Ռուսաստանը պարտավորվում է ամեն ինչ անել՝ փախստականների շուտափույթ վերադարձը կազմակերպելու համար։ Իսկ փախստականների վերադարձ կարող է տեղի ունենալ, եթե կա տարածք»։ Վերլուծաբանը շեշտեց, որ եթե մենք ցանկանում ենք էապես փոխել իրադարձությունների ընթացքը՝ տարածքային առաջխաղացումն ուղղակի հրամայական է։ «Մյուս կողմից Հայաստանը հայտարարել է ԼՂՀ ճանաչման հնարավորության մասին, եթե գործողություններն ավելի լայնամասշտաբ դառնան։ Ադրբեջանը միայն հանուն նրա, որ Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը, առնվազն լոկալ մասշտաբներում կմնա»։