Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային ճնշումը չի ազդում Ադրբեջանի վրա (տեսանյութ)

Քաղաքականություն
hakamartutyun

Հայկական դիվանագիտությունը փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Նման եզրահանգման է եկել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ հետեւելով Սերժ Սարգսյանի՝ Վաշինգթոնում ունեցած հանդիպումներին եւ ելույթներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, քանի որ այդ կերպ լուծում է իր ներքին խնդիրները. «Ադրբեջանն առաջնագիծ է ուղարկում փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ լեզգիներին, ավարներին, թալիշներին՝ այդ կերպ Ադրբեջանի հասարակությանն ազդանշան տալով, թե հակամարտությունն ուղղակիորեն չի անդրադառնա իրենց վրա»,- ասաց նա: Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ միջազգային հանրության ճնշումը չի ազդում Ադրբեջանի վրա: Հարցին, թե ինչն է դրա պատճառը, քաղաքագետը պատասխանեց. «Պատճառը Ուկրաինայի ճգնաժամից հետո Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության դադարեցումն է: Թեեւ կողմերը նշում են, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա չի ազդել, այնուամենայնիվ, եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ գործեին միասնաբար, ապա բանակցությունները կվերսկսեին»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահին, ըստ էության, բանակցություններ գոյություն չունեն, իսկ հակամարտության կարգավորման մասին մոտ ապագայում խոսելն անիմաստ է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ էր արել սահմանին տեխնիկական սարքերի վերահսկողություն իրականացնել, սակայն Ադրբեջանը որեւէ քայլ չի անում այդ ուղղությամբ: Ո՞վ է թևեր տալիս նրան հարցին, Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Դժվար է ասել, թե ով է թեւեր տալիս, սակայն որեւէ մեկի կողմից ճնշում չի գործադրվում: ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան իրենց, մեղմ ասած, ոչ ակտիվ գործունեությամբ, իսկ Ռուսաստանն իր հավասարակշռված մոտեցումներով հնարավորություն են տալիս Ադրբեջանին վստահ լինել, որ ապագայում էլ կարող են լարելով իրավիճակը իրենց խնդիրները լուծել»: