Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փոքրամասնությունները ստիպված են մտնել իշխանության թեւի տակ» (տեսանյութ)

Քաղաքականություն
asori

Ընտրական նոր օրենսգրքում ազգային փոքրամասնությունների ներգրավվածության հարցը մտահոգում է ասորի համայնքին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոեւը նշեց, թե իրենք չեն հասկանում, թե ՀՀ-ում առկա 11 ազգային փոքրամասնություններից ինչ սկզբունքով են ընտրվել ընդամենը չորսը. «Ես կարծում եմ, որ ռուսները ազգային փոքրամասնություն չեն, որովհետեւ այստեղ համալսարաններ, դպրոցներ ունեն, այսինքն՝ ազգություն, էթնիկ խումբ եւ ազգային փոքրամասնություններ հասկացությունները պարզել է պետք, որ ասորիները հասկանան՝ իրենք ազգությու՞ն են, թե՞ ազգային փոքրամասնություն: Գալու է մի օր, եւ մենք բախվելու ենք դրան»,-ասաց նա: Խոսրոեւը հավելեց, թե ազգային փոքրամասնությունները պարտավորված են լինելու ընտրել իշխանական կուսակցություններ, որպեսզի խորհրդարան անցնեն եւ ներկայացուցիչ ունենան այնտեղ. «Մենք լավ գիտենք, որ ընդդիմության ցուցակներում եթե ընդգրկվենք, ապա դա 100 տոկոսանոց պրավալ է, այսինքն՝ մեր միակ հնարավորությունը գործող իշխանության թեւի տակ մտնելն է, որը մեզ հնարավորություն կտա, որ գոնե մի հոգի ունենալ Ազգային ժողովում»: Հանդիպմանը ներկա՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ փորձում է հասկանալ, թե ինչ սկզբունքով են ընտրելու, թե մարդն ինչ ազգություն ունի: Նա գոհ չէ ընտրական նոր օրենսգրքի այդ դրույթից. «Ըստ օրենսգրքի՝ յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք իրենց ցուցակներում 8-16 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ կարող է ներառել: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են ընտրելու. կուսակցությունն ի՞նքն է հրավիրելու, թե՞ այդ մարդը համայնքի կողմից ինչ-որ կերպ ներկայացվելու է: Որպես իրավական նորմ սա սահմանված չէ»: