Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մանկատան շրջանավարտին կամ նստեցնում ենք մեր գլխին, կամ խաբում ենք» (տեսանյութ)

Հասարակություն
mankatan-shrjanavart-nkar

«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի առաջին փուլով 166 բնակարան է տրամադրվել ծնողազուրկ երեխաներին։ Նրանցից 71-ի դեպքում բնակության 10 տարին լրանում է այս տարի։ Ի՞նչ է սպասվում այդ երիտասարդներին. «Տեղափոխման խնդիրը դեռ քննարկման փուլում է։ Միգուցե նրանց այլ պայմաններ առաջարկվեն»,-այսօր ասաց ծրագրի ղեկավար, երեխայի պաշտպանության փորձագետ Աննա Մնացականյանը։ Նրա խոսքով՝ դեպքեր են եղել, երբ մանկատան շրջանավարտները չեն բնակվել իրենց տրամադրված բնակարաններում. «Այդ պատճառով կոնկրետ 7 շրջանավարտ դատարանով զրկվել են այդ տարածքներում բնակվելու իրավունքից և այդ բնակարաններն այլ շահառուների են տրամադրվել»,-շեշտեց տիկին Մնացականյանը։ 230 շրջանավարտ դեռ սպասում է բնակարանի։ Մոտ երեք տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ Մարալիկում տրամադրված բնակարանների հարցով, որտեղ պայմանները բարվոք չէին։ «Բայց գիտեք, հիմա չկա այնտեղ դատարկ բնակարան։ Այնտեղ կազմում են ընտանիք, ծնվում են երեխաներ։ Նրանք ունեն այնքան խնդիրներ, որքան Մարալիկի մյուս բնակիչները։ Կային տներ, որ իսկապես սարսափելի վիճակում էին։ Բարձրահարկ շենքի աղբատարի հատվածը պարզապես վերանորոգել ու կոչել էին բնակարան։ Բայց դրանք փոքր թվով էին։ Եվ այդ խնդիրը որոշ չափով լուծվեց։ Այլ վայրերում տներ կային, նախարարությունը թաղապետարանների, քաղաքապետարանի հետ լուծեց այդ խնդիրը և աղմուկը դադարեց։ Մարալիկում հրաշալի պայմաններ են»,-ասաց «Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի ղեկավարը։ Խնդիր, նրա խոսքով՝ ծագում է բնակարանների չափերի առումով, երբ տրամադրվում է 30 քառ. մետր տարածքով բնակարան, հետո նրանք ունենում են չորս երեխա։ Իսկ աշխատանքի խնդրով տիկին Մնացականյանը նշեց. «Մանկատան շրջանավարտները հաճախ շահագործվում են, հաճախ աշխատում են անօրինական, գործատուն իրենց չի վճարում։ Այսինքն, ընկնում ենք ծայրահեղությունների մեջ. կամ նրանց նստեցնում ենք մեր գլխին, խղճում ենք, կամ խաբում ենք։ Ամեն պարագայում իրենք գոյության կռվի պայմաններում ուժեղ են»։