Գառնիկ Մարգարյանը կմնա կալանքի տակ
Արդեն մեկ ու կես ամիս է՝ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի մասով որեւէ քննչական գործողություն չի կատարվել: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը, Գառնիկ Մարգարյանին մեղսագրվող արարքը չի համապատասխանում իրականությանը, քանի որ արարքի մեջ չկա հանցակազմ: 72-ամյա Գառնիկ Մարգարյանը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նա ձերբակալվել է հունվարի 14-ին եւ օրեր առաջ խափանման միջոցը եւս երկու ամսով երկարացվել է: Հովիկ Արսենյանը միջնորդություն էր ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար, սակայն այն մերժվել է: Պաշտպանը պատրաստվում է կրկին միջնորդություն ներկայացնել: Ի դեպ, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Գառնիկ Մարգարյանի առողջական վիճակը լավ է՝ նա առողջական խնդիրներ չունի: