Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հր. Թովմասյանը դեմ է ֆուտբոլի ֆանատների կազմակերպած ակցիաներին

Կարևոր լուրեր Սպորտ
gagooo

«Ես ֆուտբոլից շատ բան չեմ հասկանում, սակայն որպես երկրպագու որոշակի կարծիք ունեմ երեկ կայացած Հայաստան – Բելառուս խաղի մասին: Երեւում է, մեր տղաները քիչ ժամանակ են ունեցել միմյանց հետ խաղալու, միմյանց ճանաչելու: Կային նորեկներ, որոնք մյուս տղաների հետ խաղալու պրակտիկա չունեին, որոշ դրվագներում դրանք զգացվում էին: Ուշագրավ էր դարպասապահ Արսեն Բեգլարյանի նորամուտը, որը բավականին վստահ էր գործում: Հույս ունեմ, որ նա կդառնա Ռոման Բերեզովսկու արժանի հետնորդը», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: Անդրադառնալով մեր ազգային թիմի շուրջ ծագած սկանդալին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամը մասնավորապես ասաց. «Կարծում եմ, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հիմնավոր պատճառներ է ունեցել, որ հրաժարվել է որոշ խաղացողներից, առավել եւս, վերջինները երկար ժամանակ խաղացել են հավաքականում, պարգեւատրվել են, ամեն ինչի արժանացել են: Ֆուտբոլասերները հիմնականում առաջնորդվում են ֆուտբոլիստների մարզավիճակով, անցկացրած խաղերի քանակով: Սակայն հավաքականը մի փոքր ուրիշ է, բացի խաղամակարդակից, կան նաեւ այլ պատճառներ, որոնց հետեւանքով  կարող է ֆուտբոլիստը չհրավիրվի հավաքական: Ֆեդերացիայի նախագահը ակնարկել է այլ պատճառների մասին, որոնք, ըստ իրեն, մի օր կբարձրաձայնվեն, բայց ոչ այս պահին»: Հրայր Թովմասյանը դեմ է Հայաստան – Բելառուս խաղի ժամանակ ՖԱՖ-ի ֆանատների կողմից կազմակերպած ակցիաներին (նրանք կրկին անգամ պահանջել են ՀՖՖ նախագահի հրաժարականը, իսկ նրանցից մեկը մտել էր խաղադաշտ): «Անկախ նրանից, մեր հավաքականը լավն է կամ վատն է, ուժեղ է կամ թույլ է, մենք, ֆուտբոլասերներով, որպես 12-րդ խաղացողներ, միշտ պետք է լինենք թիմի կողքին եւ ամեն ինչ անենք օգնելու համար» - եզրափակեց ՀՖՖ գործկոմի անդամը: