«Լիբանանցին քանդել է Կոնդի տները». ակցիա կառավարության մոտ (տեսանյութ)
Այս պահին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Կոնդ թաղամասի նախկին բնակիչները, որոնց բնակարանները իրենց պնդմամբ 8-ից 10 տարի առաջ Կառավարությունը որպես գերակա շահ է ճանաչել եւ նրանց դուրս է հանել իրենց բնակարաններից՝ խոստանալով փոխհատուցում: Սակայն բնակիչները շեշտում են` մինչ օրս իրենց խնդրին լուծում չի տրվել: Կոնդի նախկին բնակիչները մեզ հետ զրույցում ասացին նաեւ, որ հանդիպել են տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Այժմ նրանք պահանջում են հանդիպում վարչապետի հետ. «Մեզ ասել են, որ մեր տարածքը գնել է ինչ-որ լիբանանցի Ֆետուշ, ինչպես կարող է լիբանանցին քաղաքի կենտրոնում գալ եւ քանդել բնակիչների բնակարանը: Մենք ոչ մի Ֆետուշ չենք ճանաչում, թող վերադարձնեն մեզ մեր պապական բնակարանները, իրենց պատճառով փողոցում ենք հայտնվել»,- ասաց բնակիչներից մեկը: Գործադիր մարմնի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում նաեւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներն ու հաշմանդամություն ունեցող օդաչուները: Նրանք պահանջում են համարժեք փոխհատուցում: