Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արա Աբրահամյանին դաբռո չեն տվել» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-1

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ընտրական նոր օրենսգրքի, առաջիկա ընտրությունների ու ներքաղաքական իրավիճակի մասին: Վիգեն Հակոբյանի խոսքով՝ քաղաքական դաշտն այս պահին նախընտրական փուլում է: «Սկսած սահմանադրական հանրաքվեից  ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստումը մեկնարկել է: Դրա վառ ապացույցն է ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը, իսկ ընդդիմության շրջանում նոր քաղաքական ուժերի ձեւավորումը»,-նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում սկսվել է նաեւ պրոռուսական երկրորդ բեւեռի ձեւավորումը: Քաղտեխնոլոգը հնարավոր է համարում այս առումով Արա Աբրահամյանի եւ Արթուր Բաղդասարյանի համագործակցությունը: Տիգրան Քոչարյանը, սակայն, կարծում է, որ Արա Աբրահամյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ կուսակցության հետ է դաշինք կազմելու. «Ո’չ Հայաստանից են դաբռո տվել, ո’չ էլ Ռուսաստանից, այդ իսկ պատճառով նա պարբերաբար թայմ աութ է վերցնում, որպեսզի հասկանա, թե ինչ անի»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ պետք չէ նաեւ բացառել Աբրահամյանի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ: ««Բարգավաճ Հայաստանում» հետաքրքիր գործընթացներ են գնում, զտվում է, եւ կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններին նրանք կներկայանան կոալիցիայով կամ նոր հովանավորով»: Ըստ Տիգրան Քոչարյանի՝ ամենահետաքրքիր ՏԻՄ ընտրությունները սպասվում են Հրազդանում եւ Գյումրիում. «Հրազդանում հետաքրքիր գործընթաց է լինելու: Առաջին անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» լուրջ պայքարի մեջ է մտնելու լուրջ թեկնածուով: Սակայն ավելի հետաքրքիր կլինի Գյումրիում: Այն համարվում է ամենաըմբոստ քաղաքը, եւ Գյումրիում շատ բան է որոշվելու ապագա խորհրդարանական ընտրությունների հարցում»,-ասաց նա: Պատասխանելով հարցին, թե նոր օրենսգիրքը ինչ կփոխի առաջիկա ընտրություններում, Տիգրան Քոչարյանն ասաց. «Հայաստանում ինչ ընտրական օրենսգիրք էլ ընդունեն, միեւնույն է, ընտրությունները նույն սցենարով են գնալու: Ինչ էլ գրեն, միեւնույն է, օրենքը ստեղծվում է նրա համար, որպեսզի այն շրջանցվի»: