Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար բուժօգնության միամսյակ քաղաքապետարանը չի անցկացնի

Հասարակություն
yerevan

Մայրաքաղաքի կանայք այս տարի հնարավորություն չեն ունենա օգտվել «Ձեզ համար, կանայք» ակցիայից, որը յուրաքանչյուր տարի մարտի 8-ից ապրիլի 7-ն իրականացվում էր Երեւանի քաղաքապետարանի կողմից: Ակցիայի շրջանակներում բոլոր կանայք հնարավորություն ունեին անվճար բուժօգնություն ստանալ գինեկոլոգիական, ակնաբուժական եւ այլ ոլորտներում: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ տարվա ընթացքում քաղաքապետարանի կողմից նման ակցիաներ կազմակերպվում են. «Պարտադիր չէ, որ կոնկրետ այս ժամանակահատվածում լինեն: Տարվա կտրվածքով նման բժշկական ծառայությունների մատուցման ծրագրեր արվում են: Այս ժամանակահատվածում չի լինի, կլինի մեկ այլ ժամանակահատվածում»,-ասաց նա: Մեր դիտարկմանը, թե այս տարի, փաստորեն, մայրաքաղաքի կանայք կզրկվեն միամսյակի նման նվերից, Գեւորգյանը պատասխանեց, թե, նախ, քաղաքապետարանը միշտ է նվերներ մատուցում կանանց, եւ հետո ծրագիրն ավելի շատ ուղղված էր սոցիալապես անապահով կանանց. «Ծրագիրն անվճար էր քաղաքացու համար, բայց ոչ քաղաքային բյուջեի, այդ իսկ պատճառով առավել նպատակահարմար գտանք, որպեսզի անվճար բուժօգնությունը տրամադրվի այն կանանց, ովքեր սոցիալապես անապահով են, ովքեր առավել շատ ունեն այդ բուժօգնության կարիքը»,-նշեց նա՝ հավելելով, որ նման կանայք օրենքով սահմանված կարգով մշտապես կարող են դիմել անվճար բուժօգնության ուղեգիր ստանալու համար: Մեր այն հարցին էլ, թե այս տարի մարտիության տոնակատարությունների վրա որքան գումար է ծախսել քաղաքապետարանը, Արթուր Գեւորգյանը պատասխանեց, թե կոնկրետ այդ օրվա համար առանձին բյուջե չկա, կա բյուջե՝ ընդհանուր մշակութային միջոցառումների համար: Համաձայն Երեւանի քաղաքապետարանի կայքում տեղադրված տեղեկատվության՝ մայրաքաղաքի՝ 2016 թվականի բյուջեից մշակութային ծառայություններին հատկացվել է 2,753,125.2 դրամ: