Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մետրոն մաշվել է, վերակառուցման կարիք կա». ճարտարապետ

Հասարակություն
metro

1981 թվականի հենց այս օրը շահագործման հանձնվեց Երեւանի մետրոպոլիտենը: «Մարշալ Բաղրամյան» կայարանի համահեղինակ ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանն այսօր կայարանի կողքով անցնելիս ցավ է ապրում. «Այդ կայարանը մոդեռն ոճով է արված եւ պահանջում է բարձր որակ, սակայն որակն ընկել է, քնձռոտվել: Մետրոպոլիտենը մաշվել է, այն վերակառուցելու, թարմացնելու կարիք կա: 15 տարի առաջ ինձ հրավիրեցին «Մարշալ Բաղրամյան» կայարանի վերակառուցման նախագիծը մշակելու, բայց այդ խոսակցությունն այդպես էլ օդում մնաց»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը: Ըստ նրա՝ մետրոպոլիտենի օգտակարության գործակիցը, որպես ստորգետնյա տրանսպորտային միջոց, կայանում է նրա կայարանների քանակի մեջ: Ճարտարապետը վստահ է, որ կայարանների թիվը պետք է ավելացնել. «Այսօր միայն Կենտրոնում է, որ մարդիկ կարող են օգտագործել մետրոն: Կայարանների թիվը պետք է ավելացնել, որպեսզի մետրոպոլիտենը դառնա ավելի օգտակար, պլաստիկ, ոչ թե ես գամ, հասնեմ մի տեղ, հետո բարձրանամ, նստեմ այլ տրանսպորտային միջոց, որպեսզի հասնեմ իմ ուզած տեղը»: Մեր հարցին՝ ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի մետրոպոլիտենը վերակառուցվի, եւ նոր կայարաններ ավելացվեն, Ալբերտ Զուրաբյանը պատասխանեց. «Պետական ցանկություն է պետք, որը նվազել է: Անհատական շահերը գերիշխում են պետականին: Ամենուրեք խախտումներ են: Հսկայական գլխավոր հատակագծեր են խախտվում, մարդիկ կորցնում են իրենց հանգստի գոտիները, քաղաքը կորցնում է իր ծրագրած տրանսպորտային հանգույցները: Շատ հարցեր անտեսվում են քաղաքաշինության մեջ, ոտնահարվում են տարրական օրենքներ՝ խտության, բարձրության, էլ չեմ խոսում ավելի նուրբ հարցերի մասին, որոնք քաղաքակիրթ երկրների չափանիշներ են՝ շրջապատի հետ կապը, գույնը, համամասնությունները: Որտեղ մի ազատ տեղ են տեսնում, խցկում են, ծանրացնում՝ առանց մտածելու, թե այդ փողոցները կարո՞ղ են տանել մեքենաների քանակը, թե ոչ, որովհետեւ ինչքան շենք ես կառուցում, այնքան ավելանում է մեքենաների թիվը»,-ասաց նա: Զուրաբյանի խոսքով՝ քաղաքաշինության կամ մետրոպոլիտենի թարմացման ծրագրերում պետք է գերիշխի համընդհանուր, հասարակական շահը, այլ ոչ անհատականը: «Ամբողջ քաղաքում տարածքները ոտնահարվում են սրճարաններով, ռեստորաններով, եւ մի պարզունակ արդարացում են բերում իրենց անհատական շահի, թե այդպիսով նոր աշխատատեղեր են ստեղծում»,-նշեց Ալբերտ Զուրաբյանը: Իսկ ի՞նչ լուծում է տեսնում այս հարցում ճարտարապետը. «Միակ լուծումը խիստ օրենսդրական դաշտն է: Կարեւոր է, որ օրենքը գործի բոլորի համար հավասար: Դուք կարծում եք՝  եթե արտասահմանում քիչ թե շատ բարձր է քաղաքաշինության մակարդակը,  իրենք ավելի լա՞վ մարդիկ են կամ ավելի հայրենասե՞ր: Ոչ, իրենց մոտ օրենքն է գործում»,-եզրափակեց նա: