Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը 18 օր է՝ հացադուլի մեջ է

Հասարակություն
liana-balyan

«Մեծն Տիգրան» գնդի հետախուզական վաշտի անդամ Աղասի Մարտիրոսյանը արդեն 18 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, նա 10 կգ նիհարել է. այս մասին ահազանգում է նրա պաշտպան Լիանա Բալյանը: «Գույնը գցած է, դեղնած, հյուծված վիճակում, հաշմանդամության կարգ ունի:   Մեկուսարանի բժիշկն ու հոգեբանը նրան պահում են հսկողության տակ»,- ասում է պաշտպանը: Նրան Աղասի Մարտիրոսյանի առողջական վիճակը շատ է անհանգստացնում: «Ասում է, միեւնույնն է՝ շարունակելու եմ, որովհետեւ ինձ անօրինական են պահում կալանքի տակ, ի՞նչ հիմքով են պահում կալանքի տակ, չի կարողանում հասկանալ»,-նշում է Լիանա Բալյանը: Փետրվարի 5-ին Աղասի Մարտիրոսյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացրել են, սակայն այս ընթացքում որեւէ քննչական գործողություն չի կատարվել. «Մտավախություն կա, որ որեւէ քննչական գործողություն չեն անի, կլրանա երկու ամիսը եւ կալանքի ժամկետը կրկին կերկարացնեն»,- ասում է փաստաբանը: Ազատամարտիկ Աղասի Մարտիրոսյանը կալանավորվել է Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով: Իսկ փետրվարի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը: Աղասի Մարտիրոսյանը հացադուլ հայտարարելուց հետո, պաշտպանի խոսքերով, չի տեղափոխվել այլ խուց: Խցում, որտեղ ինքը գտնվում է, կա եւս 7 հոգի, որոնք սնվում են: Ի դեպ, ձերբակալությունից երկու օր առաջ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից Աղասի Մարտիրոսյանը շքանշանով է պարգեւատրվել: