Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էլեկտրաէներգիայի հաշվիչները 2 ժամ հետ են». ահազանգ

Հասարակություն
hashvich

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը մոնիտորինգ է անցկացրել եւ պարզել, որ իր տան էլեկտրաէներգիայի հաշվիչը իրական ժամից մոտ երկու ժամ հետ է, այսինքն` գիշերային սակագինը գործում է ոչ թե 23.00-ից, այլ գիշերվա ժամը 1.00-ից: Արմեն Եփրեմյանը նշում է, որ հաշվիչներից 70-80 տոկոսը աշխատում է ի վնաս բնակչի: «Պահանջում եմ՝ ինձ փոխհատուցեն կրած վնասների համար, քանի որ կինս էլ երեկոյան ժամը 11.00-ից հետո էր լվացքի մեքենան միացնում, որ հոսանք քիչ ծախսվեր»,- այսօր լրագրողների հետ հանդիման ժամանակ նշեց Արմեն Եփրեմյանը: ՀԷՑ «Կենտրոն» տարածքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ նշում է, որ ժամային խախտումների դեպքում վերահաշվարկ չի նախատեսվում: Նա, սակայն չհերքեց, որ խնդիրներ կան հաշվիչների ժամային գոտիների հետ կապված, որը պայմանավորված է ոչ մարդկային գործոնով: «Երբ գիշերը ժամը 11-ից անցնում ենք գիշերային սակագնի՝ 10 դրամ էժան, այդտեղ ոչ- ոք չի կարող պարզել բաժանորդն է վնաս կրում, թե ՀԷՑ-ը, որովհետեւ ովքեր շուտ են քնում, իրենց կենցաղով չեն զբաղվում , այլ առավոտյան, բնականաբար գիշերվա սակագինը ուշ սկսելու դեպքում ուշ էլ վերջանում է: 8 ժամ աշխատելու դեպքում, եթե ձեզ մոտ վերջանում է 8,30»,- ասաց Դավիթ Ղազինյանը Նրա խոսքերով՝ եթե բնակիչը առավոտյան է օգտագործում էլեկտրաէներգիան, ՀԷՑ-ը տուժում է: «Սպառողների ասոցիացիա»-ի նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ հաշվիչների հետ կապված բազմաթիվ պրոբլեմներ կան եւ դիմումներ շատ են ստանում: Դրանք հիմնականում վերաբերում են ցուցմունքներին «Այդ խնդիրների լուծման դեպքում ՀԷՑ-ն ուղղակի հապաղում է: Վաղուց ժամանակն է, որ լույսի մարդը չգա եւ չգրի, պետք է ավտոմատացվի այդ գործընթացը»,- նշեց Արմեն Պողոսյանը: Անդրադառնալով ահազանգերին, որ հոսանքի ցուցմունքը ավել է գրվել, քան դեկտեմբեր ամսին եւ աշխատակիցներն ավել գումար են գրում, Դավիթ Ղազինյանը հերքեց՝ նշելով, որ նման չի կարող լինել, բնակիչը ինչքան սպառում է, այնքան էլ պետք է մուծի: