Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանը դատի է տվել բժշկին (տեսանյութ)

Հասարակություն
bjishk-nkar

Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանն ահազանգում է, որ մենք բժշկական սխալ տերմինի սահմանումը չունենք: «Հաճախ թե լրատվամիջոցներում, թե այլ տեղերում բոլորը նշում են բժշկական սխալ: Բայց միգուցե դա բժշկական անփութություն է, ոչ թե սխալ»,-այսօր նշեց բժիշկը: Բժշկական սխալի կամ անփութության դեպքեր պարբերաբար արձանագրվում են: Սակայն, ըստ պարոն Գրիգորյանի՝ չպետք է դրանք նույն հարթության մեջ դիտել. «Կարծում եմ՝ բժշկական սխալի համար քրեական պատասխանատվության չպետք է ենթարկել, քանի որ բժիշկը ցանկացել է օգնել, բայց ձախողել է: Իսկ բժշկական անփութության դեպքում, իհարկե, պետք է պատժել»: Բացի այդ, անհրաժեշտ է հիվանդությունների բուժման ուղեցույցներ պատրաստել, ինչն ընդունված նորմ է աշխարհի շատ երկրներում: «Գործում է նաև բժշկի ապահովագրություն, և նրա սխալի դեպքում փոխհատուցում է տրվում տվյալ հիվանդին, կամ եթե նա մահացել է, հարազատներին»,-ընդգծեց բժիշկը: Ինքը բժշկական սխալի կամ անփութության համար` ոչ, սակայն խոսքի ազատության առումով տուժել է: Սեպտեմբերի 8-ին «Ազատ գոտի» հաղորդաշարի շրջանակում քննարկվել է Մերի Մարգարյանի և նրա երեխայի մահվան դեպքը: Փաստաբան Մարինե Թովմասյանը նշել է, որ թեև չկան բոլոր փաստական հիմքերը, սակայն կարելի է ասել, որ ամբողջ Շենգավիթ բժշկական կենտրոնում սխալ մոտեցում է, նրանք մեղավոր են: Բժիշկ Գևորգ Գրիգորյանն իր խոսքում նշել է, թե քանի դեռ բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մեղքն ապացուցված չէ, այդպես արտահայտվելը զրպարտանք է: «Իմ ասածի հիման վրա այդ փաստաբանն իմ դեմ հայց է ներկայացրել դատարան` նշելով, որ ես եմ զրպարտում իրեն»,-նշեց բժիշկը: Նրա փաստաբան Լուսինե Հակոբյանն էլ շեշտեց. «Ազատ խոսքը մարդու անկյունաքարային ազատություններից մեկն է, և մարդն իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը: Եվ դա պետք է խրախուսվի: Կարելի էր մեկ այլ բանավեճ նախաձեռնել, բայց հասնել դատարան, դա այդ փաստաբանի կողմից ծայրահեղ քայլ էր»: