«Եվրոպայում երգեն, ատամացավ կկպնես, Հայաստանում լավ են երգում» (տեսանյութ)

Վաղը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա գերմանաբնակ երգիչ Մասիս Առաքելյանի մենահամերգը, որը երրորդ անգամ է հայրենիքում: Ժողովրդական երգերը՝ դասական մոտեցմամբ. սա երգչի նախընտրած տարբերակն է՝ ներկայացնելու հայ երգը: Համերգին հնչելու են Սայաթ-Նովայի գործերը, նաև բուն դասական՝ Կոմիտաս:

Մինչ այդ՝ հունվարի 26-ին, կայացել է երիտասարդ երգչի մենահամերգը Իրանում: «Շատ ջերմ ընդունելություն էր»,-տպավորություններով կիսվեց Մասիսը: Իսպահանում ծնված երաժիշտն այժմ Բեռլինում ներկայացնում է հայ երգը: «Տարբեր ոճերում եմ ստեղծագործել, բայց հետո որոշեցի, որ պիտ վերադառնամ արմատներուս: Ուզում եմ Եվրոպային մեր հայկական երաժշտությունը ճանչցնեմ»,-շեշտեց նա:

«Ա1+»-ի հարցին, թե ինչն է այստեղ երգչին տհաճ ձևով կամ հաճելիորեն զարմացրել, Մասիսը նշեց. «Ժողովուրդը շատ է սիրում երաժշտությունը, դրա համար էլ այն շատ ուժեղ է: Դա էր ինձ հաճելի: Եթե Եվրոպայում հասարակ մարդիկ երգեն, ատամացավ կկպնես: Այստեղ շատ լավ են երգում»:

Երեք տարի առաջ երգիչը թողարկել է «Կռունկ» ձայնասկավառակը: Նա վստահեցրեց, որ կապը հայրենիքի հետ կշարունակի և ցանկություն ունի նաև ներկայանալու Վերադարձի փառատոնի շրջանակում: