Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Համապատասխան աշխատակիցը» նկատողություն է ստացել ֆեյսբուքյան գրառումից հետո

Հասարակություն
e7ec199f8cd76bddc4f7d70c7f144ec4

Քաղաքապետարանի որոշմամբ` հունվարի 4-ից 8-ը` ժամը 11.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում հանրակրթական դպրոցների ուսուցիչները պետք է հերթապահություն իրականացնեն դպրոցներում։ Դեկտեմբերի 23-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս որոշման դեմ իր դժգոհությունն էր հայտնել դպրոցներից մեկի ուսուցչուհի Օ. Հարությունյանը։ Նա, մասնավորապես, նշել էր. «Դուք տեղյա՞կ եք այդ շրջաբերականից, որն ուղարկվել է դպրոցի տնօրեններին: Եթե այո, ապա ո՞րն է հերթապահության իմաստը, երբ դպրոցում աշակերտ չկա, ողջ հանրապետությունը հանգստանում է, իսկ աշխատանքային օրերը վերսկսվելու են հունվարի 11-ից: Եթե տեղյակ չեք, ապա ու՞մ «պայծառ» ուղեղում է նման «փայլուն» միտք ծագել: Պարո՛ն քաղաքապետ, Աշխատանքային օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է ոչ աշխատանքային օրերը՝ տոնական և հիշատակի օրերը»: Ուսուցչուհին, հղում անելով օրենքին, շեշտել էր, որ հանգստյան օրը կատարված աշխատանքը վճարվում է ժամային դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափով։ «Եթե այս ամենն իր տրամաբանական բացատրությունը չունենա, ինձ մնում է միայն տրված հրամանի հեղինակին դիմել մեծն Թումանյանի խոսքերով՝ «ակու՜նք իմաստության»,-եզրափակել էր իր գրառումն Օ. Հարությունյանը: Պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ։ Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց. «Սա մեզ մոտ ավանդույթ է, այնպես չի, որ հենց այս տարի որոշեցինք։ Սա անհրաժեշտ գործընթաց է՝ կապված ջրա-գազամատակարարման, էլեկտրական սնուցման և այս տեսակ այլ աշխատանքների հետ։ Վերջին տարիներին նաև շատ ունեցանք համակարգչային կաբինետներում գողության դեպքեր։ Ինչպես քո տունն ես պահպանում, եթե մի քանի օր բացակայում ես, մտահոգվում ես անվտանգության համար, այնպես էլ դպրոցը»։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր օր մեկական ժամ ուսուցիչներից յուրաքանչյուրը կարող է լինել դպրոցում։ «Իսկ ում հարմար չէ, քավ լիցի, կարող է չլինել»։ Դիտարկմանը, թե ուսուցիչներից մեկն իր դժգոհությունն է հայտնել հերթապահության կապակցությամբ, տիկին Սողոմոնյանը նշեց. «Կարծում եմ՝ թյուրըմբռնման խնդիր է։ Գուցե դա եղել է տնօրենի կողմից, գուցե մանկավարժը լավ չի հասկացել։ Դպրոցում ուսուցչի աշխատանքը պայմանավորված չէ միայն աշակերտ լինելու փաստով։ Իրենց տունն են պահում, ինչի՞ մասին է խոսքը»։ Արդյո՞ք Հանրակրթության վարչության պետը բացառում է, որ տնօրենների կողմից կարող է ստիպողական մոտեցում լինել այս հարցում. «Վայ չէ, ինչ եք ասում։ Բացառում եմ, չեմ հավատում, որ դպրոցի տնօրենը դա իրեն թույլ կտա»։ Տիկին Սողոմոնյանը նաև նշեց, որ շատ կարևոր է, որպեսզի այս հերթապահության անհրաժեշտությունն ուսուցիչները հասկանան. «Չեմ ցանկանա՝ որևէ մեկը դպրոցից նեղված գնա Նոր տարի»,-ընդգծեց նա։ Գայանե Սողոմոնյանը հարցին անդրադարձել է նաև ֆեյսբուքյան գրառմամբ. «...Անշուշտ, ոչ աշխատանքային օրերին ուսուցիչները կարող են հաճախել դպրոց՝ աշխատանքային ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու, փաստաթղթային տնտեսությունը վերանայելու և բացթողումները լրացնելու նպատակով, ինչը սակայն չի կարող որևէ կերպ դիտվել որպես հերթապահություն: Հարկ եմ համարում նաև տեղեկացնել, որ ցուցաբերած անփութության համար համապատասխան աշխատակցին հայտարարվել է նկատողություն»: