Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական շուկան կարող ենք գրավել կարտոֆիլով. Հ. Բերբերյան (տեսանյութ)

Հասարակություն
kartofil

Եկող տարի գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար պետք են օրենսդրական դաշտի բարեփոխումներ. համոզված է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։ Պետք է ոռոգման ջրի ու հակակարկտային ծրագրերը եկող տարի զարգացնենք, պետք է ռուսական շուկայում կայուն տեղ զբաղեցնենք, այդ շուկայի համար այսօր պայքարում են եւ Իրանը, եւ Ադրբեջանը, եւ Միջին ասիական երկրները: Ռուսական շուկան գրավելու համար պարոն Բերբերյանը կոչ է անում գյուղացիներին ավելացնել կարտոֆիլների ցանքատարածքները. «Խոսքը վաղահաս կարտոֆիլի մասին է, եկող տարի մենք ուզում ենք ավելացնել արտահանումը: Լավ սերմացու ձեռք բերենք. ով չի կարողանա, մենք կօգնենք»: Ամփոփելով անցած տարին` Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ամենավատ վիճակում եղել է լոլիկը. «Լոլիկի գինը այս տարի 300 դրամից չիջավ, դրա համար կառավարությունը պիտի գործ անի: Եթե ցեցի դեմ պայքարեին, լոլիկ կարտահանեինք, բայց խնդիր ունենք, ոչ մեկը չի լուծում դա»: «Ա1+»-ի հարցին, թե ի՞նչ քանակի արտահանում եղավ անցած տարի եւ ինչ կանխատեսումներ կան եկող տարվա համար, կբարձրանա՞ արդյոք բանջարեղենի գինը, պարոն Բերբերյանը պատասխանեց. «Ասել, թե բանջարաբուծությունը լավ վիճակում է, սխալ կլինի` ոչ, լավ վիճակում չէ, մենք 65 օր երաշտ ունեցանք, ոչ մեկ դրա մասին չխոսեց: Եթե մենք բերք ունենք, ապա դա ի փառս մեր գյուղացու աշխատանքի: Արտահանման քանակի մասին կխոսեմ հունվարին: Իսկ գինը կախված է բերքատվությունից, եթե շատ լինի նույնը կմնա, եթե քիչ` կթանկանա»: Նա կանխատեսեց նաեւ, որ հունվարին կբարձրանա կարտոֆիլի գինը , քանի որ այս տարի բերքը քիչ է եղել: