«Ադրբեջանի հետ լեզու գտնել, առնվազն հիմա, հնարավոր չէ». քաղաքագետ
Եթե Ադրբեջանը Սարգսյան- Ալիեւ հանդիպումից մեկ օր անց շարունակում է իր ագրեսիվ գործողությունները, սա ազդակ է, որ իրենց համար այդ հանդիպումը նշանակություն չունի եւ որ ամեն ինչ մնում է նույնը: «Ա1+»-ի հետ զրույցում, անդրադառնալով դեկտեմբերի 20-ին եւ լույս 21-ի գիշերը հակառակորդի կողմից Հադրութի ուղղությամբ ծանր հրետանու կիրառմանը, նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Այսօր էլ Ադրբեջանի արտգործնախարարը խոսեց՝ կասկածի տակ դնելով շփման գծում վերահսկողության մեխանիզմները, որը հանդիպման հիմնական թեման էր»,-նշեց նա: Հարցին՝ եթե Ադրբեջանի համար նախագահների հանդիպումը ոչ մի նշանակություն չունի, ապա ինչ կարող է այն տալ Հայաստանին, քաղաքագետը պատասխանեց. «Մեզ համար նշանակությունն այն է, որ նորից պարզ, հստակ հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի հակառակորդը եւ գործողությունները պլանավորենք՝ ըստ դրա: Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ լեզու գտնել, առնվազն հիմա, հնարավոր չէ»: