Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վ. Հովհաննիսյան. «Մենք բոլորս մի փուլ ավելի ուրիշ դարձանք»

Քաղաքականություն
Vahe-Hovhannisyan

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը - Ինչպե՞ս եք վերաբերվում հանրաքվեից հետո տեղի ունեցող պրոցեսներին . դրական զարգացումների հեռանկար տեսնու՞մ եք: - Իհարկե, տեսնում եմ: Կյանքը հո չվերջացավ: Ընդհակառակը, մեր հասարակությունը հասունության նոր փուլ մտավ` ավելի ուժեղացած, վախերը հաղթահարած: Մենք բոլորս մի փուլ ավելի ուրիշ դարձանք: Բազմաթիվ նոր, երիտասարդ, հետաքրքիր դեմքեր սկսեցին իրենց երկրի տերը զգալ: Այդ նոր դեմքերի ակտիվ ներկայությունն, իմ կարծիքով, ամենամեծ ձեռքբերումն է, որ վերջին շրջանում մենք ունեցանք: Հիմա այս փուլի առաքելությունը քաղաքական լճացման գնացող բարքերը ձևափոխելու, իրական, խնդիրներով մտահոգ մարդկանց հանրային ակտիվությունը քաղաքական դաշտ տեղափոխելու մեջ է: - Ընդամենը երկու օր առաջ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նոր կուսակցություն ստեղծվեց: Դա նույնպե՞ս այդ տրամաբանության մեջ է: - Իհարկե: Դրական է և՛ որպես նոր ուժի մուտք, և՛ անհատապես կարծում եմ Մարուքյանը կարող է լավ թիմ ձևավորել և նպատակներ ձևակերպել: Էդմոնը հանրության խնդիրներին լավ տիրապետող, ակտիվ գործիչ է, ունի մարդկանց հետ աշխատելու մեծ փորձ: Ընդհանրապես, այսօրվա իրականության համար, փոփոխությունների համար շատ կարևոր է նոր քաղաքական ուժերի, դեմքերի, միավորումների մուտքը հանրային կյանք: Նոր մտքի, նոր գաղափարների անհրաժեշտությունն այսօր թթվածնին համարժեք է: Ես ինձ թույլ կտամ կանխատեսել, որ եկող տարվա ընթացքում էլի կձևավորվեն ուժեր, որոնք ավելի դինամիկ և առողջ կդարձնեն քաղաքական կյանքը: Այստեղ, իհարկե, կարևոր է լինելու նաև համագործակցության հնարավորությունը և ընդհանրապես քաղաքական համակեցության նոր մշակույթի կայացումը: Սա թույլ կտա հասարակության մեջ կուտակված բազմաթիվ խնդիրները բերել քաղաքական դաշտ և լուծումներ գտնել: Այս բանաձևից իսկապես շահում են բոլորը, ուղղակի չի երևում չշահող կողմը: