Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀՀ-ն հիշեցնում է Ադրբեջանի կողմից հուշարձանների ոչնչացման մասին

Քաղաքականություն
index7

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) հիշեցնում է 10 տարի առաջ ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջևանի պատմական հայկական քաղաք Ջուղայի (Ջուլֆա) հայկական քրիստոնեական գերեզմանատան և հարակից հուշարձանների ամբողջական ոչնչացման մասին: Ադրբեջանի Իլհամ Ալիևի վարչակարգը լիովին պատասխանատու է, բայց խուսափել է որևէ հաշվետվությունից: 1998 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել ոչնչացման գործընթացը, սակայն ալիևյան վարչակարգը վերսկսեց ոչնչացումը 2002 թ.: Երեք տարի անց, 2005 թ. դեկտեմբերի 10-ին ադրբեջանական զինված ուժերն ավարտին հասցրեցին մնացած հին գերեզմանատան ոչնչացումը կռաններով, բուլդոզերներով և այլ ծանր տեխնիկայով: Գերեզմանատունն ի սկզբանե բաղկացած էր 10,000 բարդ կառուցվածքով հայկական խաչքարերից, որոնցից մի օրինակ ցուցադրված է Միավորված ազգերի կազմակերպության նյույորքյան կենտրոնական գրասենյակում: Ադրբեջանի զինված ուժերն ոչնչացրեցին այդ տարածքը և դրա տեղում ռազմական նպատակներով բաց օդային հրաձգարան տեղադրեցին: Ոչնչացման մանրամասները տեսանկարահանվել էին՝ պարզորոշ ցույց տալով, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատասխանատու է այս պատմական վայրի ոչնչացման համար: Հետևելով համաշխարհային բուռն արձագանքին ՝2006 թ. փետրվարին Եվրոպական խորհրդարանը քվեարկության 85-5 հարաբերակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը դատապարտող բանաձև ընդունեց: Բանաձևը նաև կոչ արեց Ադրբեջանին թույլ տալ Եվրախորհրդարանի անդամներից կազմված պատվիրակությանն այցելել Ջուղայի հնագիտական ​​վայրը: 2006 թ. մարտին Ալիևի վարչակարգն արգելեց եվրոպական պատվիրակությանն այցելել պատմական վայրը: Արգելքն ուժի մեջ է մնում, քանի որ Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և այլ երկրներից  պաշտոնյաների  չի թույլատրվել այցելել  վայրն ավելի քան մեկ տասնամյակ: 2007 թ. հուլիսին Ամերիկայի հայկական համագումարը Ջուղայի հայկական գերեզմանատան դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ վկայություն ներկայացրեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, միջազգային կազմակերպությունների մարդու իրավունքների և վերահսկողության ենթահանձնաժողովին  «Իդեալներն ընդդեմ իրականության. մարդու իրավունքներն ու ԱՄՆ արտաքին քաղաքականությունը. Ադրբեջանի, Կուբայի և Եգիպտոսի դեպքերը» խորագրով լսումների ժամանակ: 2010թ. դեկտեմբերի 8-ին Ամերիկայի գիտության զարգացման ասոցիացիան (AAAS) հաղորդում է, որ ադրբեջանական իշխանություններն ավարտին են հասցրել տասնամյակներ տևած արշավը՝ վերացնելու հազարավոր տարիներ թվագրվող հնագույն հայկական ներկայության հետքերը Հարավային Կովկասում: Օգտագործելով առաջադեմ արբանյակային պատկերաշար՝ AAAS –ը հաստատեց Ադրբեջանի պետական ​​հովանավորությամբ Նախիջևանում հայկական քաղաքակրթության վայրերի ոչնչացումը: «Զուգահեռներն Ալիևի կողմից քրիստոնեական հուշարձանների ոչնչացման և Թալիբանի ու ISIS-ի գործողությունների միջև անհերքելի, սակայն արձագանքների միջև տարբերությունն ապշեցուցիչ է», - հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Տարբերությունը կարող է միայն բացատրվել Ալիևի ռեժիմի և Թուրքիայի կառավարության կողմից գնված լոբբիստների վճարմամբ` նման հանցագործությունները կոծկելու համար, և այդ կոծկումը պետք է դադարեցվի», - ասացին նրանք: Ադրբեջանի կողմից Ջուղայի ոչնչացման և Ամերիկայի հայկական համագումարի  գործողությունների մասին արձանագրությունը հասանելի է Համագումարի կայքում Issue Center սյունատում՝ «Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ավերումը» (Old Julfa Armenian Cemetery Destruction) խորագրի ներքո: Ամերիկայի հայկական համագումարը  հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային,  ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը:  Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է: