Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հողեմ ձեր գլուխը» քվեն 2/11 տեղամասում տեղ էր գտել վավեր «ոչ»-երի մեջ

Քաղաքականություն
Hoxem-dzer-glux@

Թիվ 2 ընտրատարածքում այսօր իրականացված վերահաշվարկի ժամանակ 2/11 տեղամասի «ոչ»-երի թիվը պակասեց մեկով: «Ոչ» քվեարկողը քվեաթերթիկի հակառակ կողմում գրել էր. «Հողեմ ձեր գլուխը»: Այս ընտրատարածքում վերահաշվարկի պահանջ է ներկայացվել 14 տեղամասում: Ըստ ԸԸ հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանի, ոչ ոք քվեարկությունը չեղյալ համարելու պահանջ չի ներկայացրել: Վերահաշվարկ պահանջողներից 8-ը Հանրապետական են, 2-ը՝ ԲՀԿ-ական, իսկ 4-ը՝ ՀԱԿ-ից: Երևանից սկսված վերահաշվարկի արդյունքում ընդհանուր հաշվով «ոչ»-երի թիվը պակասել է 4-ով, իսկ «այո»-ի «մազին չոռ չի կպել»: 2/11 ընտրատեղամասում «Ոչ»-ը հաղթել էր 403 քվեով «այո»-ի 130-ի դիմաց: Վերահաշվարկ պահանջող ՏԸՀ ՀՀԿ-ական ներկայացուցիչ Վրեժ Դավթյանն իր պահանջը ձեւակերպում է այսպես. «Էդքան շատ ո՞նց կարող ա «ոչ» լինել: Էսքան ժամանակ ըսենց բան չի եղել: Նման բան չպիտի լիներ»: Ի դեպ, Վրեժն իր տեղամասի վերահաշվարկին ներկայացավ ամենավերջում, երբ ԸԸՀ անդամներն ավարտել էին այն: «Բավարարված չեմ»,-հռչակեց նա: