Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնարավոր չէր աջ ոտքով հարվածել ոստիկանի ձախ նստատեղին. Ա. Զոհրաբյան (տեսանյութ)

Հասարակություն
narek-hakobyan

Նախորդ տարվա հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող Նարեկ Հակոբյանը եղել է դեպքի վայրում, սակայն անհիմն է հայտնվել ամբաստանյալի աթոռին։ Գործում չկան ապացույցներ, որոնք կհիմնավորեն   Նարեկ Հակոբյանի մեղքը. այս մասին ահազանգում է նրա փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Նարեկ Հակոբյանին մեղադրում են ոստիկանին հարվածելու մեջ: Մեղադրանքի հիմքում դրված է երկու ցուցմունք: Մեկը տուժողի ցուցմունքն է, որը հիմա ոստիկանական համակարգում չի աշխատում եւ դատաքննության ընթացքում չներկայացավ՝ հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ: Պաշտպանական կողմն էլ հնարավորություն չունեցավ նրան հարցաքննել»,- «Ա1+»-ին ասաց Փաստաբանների պալատի նախագահ, Նարեկ Հակոբյանի պաշտպան Արա Զոհրաբյանը: Նարեկ Հակոբյանը մեղավոր է ճանաչվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել 6 ամսվա ազատազրկման: Պաշտպանական կողմը վճիռը բողոքարկում է վերաքննիչ դատարանում՝ պահանջելով արդարացնել նրան: «Տեսանյութերը, տեսանյութերից բացի լուսանկարները ուղղակիորեն ապացուցում են, որ Նարեկ Հակոբյանը չէր կարող հարվածել եւ հակառակը դեպքի հետ կապ չունի»,- ասաց փաստաբանը: Պաշտպանական կողմը նաեւ համոզվել է, որ ոստիկանը վնասվածքը ստացել է երկու մեքենաների մեջտեղում հայտնվելու ընթացքում, երբ ակցիայի այլ մասնակցի տեղափոխել են ոստիկանական բաժին: «Տաբատը չէր կարող պատռվել ոտքի հարվածից: Դեպքին ներկա վկաների ցուցմունքներով, նրանց մեջ ոստիկան կար, և դիրքերն այնպիսին էին, որ ֆիզիկապես հնարավոր չէր աջ ոտքով հարվածել ոստիկանի ձախ նստատեղին, դա ուղղակի հնարավոր չէր»,- ավելացրեց Արա Զոհրաբյանը: Գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 11-ին: