«Նոր Սահմանադրությունը կենցաղում ոչ մի փոփոխություն չի բերի» (տեսանյութ)
Սահմանադրական փոփոխությունների նախագծին ոչ ասող ուժերի ներկայացուցիչներն իրենց փաստարկներով չեն համոզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին. «Ոչ-ի ճամբարը ինձ համար որևէ համոզիչ փաստարկ չներկայացրեց: Փաստաթուղթը, եթե ոչ իդեալական է, ապա այն առաջադիմական, ժողովրդավարական է: Այլ հարց է, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր օրակարգով է առաջ շարժվում»: Քաղաքացիների հիմնական մտահոգություններից է՝ արդյո՞ք Սահմանադրության նոր նախագծի ընդունման դեպքում փոփոխություններ կլինեն սոցիալ-կենցաղային վիճակում: Լևոն Մարտիրոսյանը նշում է. «Նոր Սահմանադրությունը կենցաղում ոչ մի փոփոխություն չի բերի: Այն պարզապես լավ հիմք է հասարակական հարաբերությունները կարգավորելու համար»: Հանրաքվեի քարոզչության ընթացքում ՀՀԿ-ն աչքի չընկավ կազմակերպված քարոզչությամբ, կարելի է հիշել միայն «Այո և ոչ» հեռուստանախագծին նրանց մասնակցությունը. «Սահմանադրության փոփոխության փաթեթը Հանրապետականի սեփականությունը չէ: Դրան կողմ են արտահայտվում նաև ընդդիմադիր կուսակցություններ, այլ ուժեր ևս: Սա ամենևին էլ կուսակցական խնդիր չէ»: Իսկ արդյո՞ք ՀՀԿ այն գործիչները, որոնք այս ընթացքում հանդիպել են բնակչությանն ու տեսել համատարած աղքատությունը, մեղավորության զգացողություն չունեն իրավիճակի համար, ՀՀԿ-ականը նշում է. «Այնպես չէ, որ լավ վիճակ է, բայց եթե ոչ ասենք նախագծին մնալու է նույն Սահմանադրությունը և նույն համակարգը»: Ըստ նրա՝ այս օրերին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացող ընդդիմադիր շարժումները իրական վտանգ չեն իշխանությունների համար. «Կարծում եմ՝ նրանք փորձում են նաև դիրքավորվել 2017 թվականի ընտրություններից առաջ»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է հասկանալ, որ մեր պետությանն անհրաժեշտ է ունենալ ուժեղ ընդդիմություն, որը հակակշիռ կլինի իշխանության: