Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանն ասել է՝ թոշակն ամենաքիչը լինելու է 45.000 դրամ, ո՞ւր է». մասիսցի

Քաղաքականություն
Ayo-voch-nkar

«Այո-ոչ» ռեալիթի շոուի շրջանակում Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող գործիչները շարունակում են իրենց տեսակետները ներկայացնել բնակչությանը։ «Իրականում սահմանադրական փոփոխությունների այս նախաձեռնության հեղինակները հասարակությունն է, ժողովուրդն է, որն առաջադրում է պահանջներ, փոփոխության անհրաժեշտություն։ Եվ լավ է, որ իշխանությունը համաձայնում է դրան գնալ։ Թող փոփոխվի, թող իրենք էլ հասկանան, որ կարող են հեռանալ, առանց ցավի հեռանալ, առանց թշնամանքի հեռանալ, որպեսզի հնարավոր լինի փոփոխություն երկրում»,-ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ներկա բնակիչները հակադարձեցին. «2012 թվին Սերժ Սարգսյանն ասել է՝ թոշակն ամենաքիչը լինելու է 45.000 դրամ, ո՞ւր է»,-ասաց նրանցից մեկը։ «Կեցցեք, լավ հարցադրում եք անում. այսօր կառավարությունը և նախագահը հաշվետու չեն, հիմա այս փոփոխություններով ասում ենք՝ այ այդպես որ խոստում եք տալիս, ամեն տարի պատասխանատվություն կրեք»,-պատասխանեց պարոն Մինասյանը։ «2012 թվին Սերժ Սարգսյանը խաբել է ժողովրդին, ես ո՞նց կարող եմ նորից վստահել Սերժ Սարգսյանին, չեմ հավատում»,-շարունակեց մասիսցին։ Այո-ի քարոզիչների կողմից պատասխան չհնչեց։ «Ինչո՞ւ պետք է կինը 63 տարեկանից գնա թոշակի»,-հարց ուղղեց մեկ այլ բնակիչ։ «Բա քանիսի՞ց գնա, մայրիկ ջան»,-հետաքրքրվեց Դաշնակցության անդամը։ «50-ից, 60-ից։ 40 տարեկանից ասում են՝ տարիքային սահմանափակում, բայց 63-ից թոշակ են տալիս, ի՞նչ անենք»,-զայրացավ մասիսցի կինը։ «Շատ լավ։Եթե սրան ոչ քվեարկես, կգնաս, այսօրվա եղածի վրա կմնաս»,-ասաց պարոն Մինասյանը։ «Տո ոչ էսօրվա եղածի մեջ օգուտ կա, ոչ էլ՝ չեղածի»,-շեշտեց բնակիչը։