«Կարմիր քարտ» շարժումը պայքարելու է շաքարավազ ներկրող ընկերության գների դեմ (տեսանյութ)
Վերջերս ձևավորված «Կարմիր քարտ» քաղաքացիական շարժումը նոյեմբերի 23-ին երթ կանի՝ կառավարության մոտից մինչև Բաղրամյան 26։ Նրանք կոնկրետ ապրանքների գների նվազեցումը պահանջող դիմում են ներկայացնելու կառավարությանը, Ազգային ժողովին և նախագահական նստավայր։ «Պահանջում ենք շաքարավազի, ալյուրի, նաև՝ գազի և բենզինի գների նվազեցում։ Մեր տնտեսագետ ընկերները հաշվարկել են, թե որքան պետք է լինեին գները, սակայն իրականում շատ ավելի բարձր են։ Վստահ ենք, որ փողոցում պայքարելով, կարող ենք հաղթել»,-նշեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Փայլակ Թևանյանը։ «Ժողովուրդը գիտի, որ թանկ է ապրում, բայց ստիպված գնում են այդ ապրանքները։ Նրանք չեն բարձրաձայնում այս խնդրի մասին։ Օրինակ բենզինի դեպքում գիտենք, որ նավթի գներն իջել են, և բոլոր երկրներում բենզինն էժանացավ, սակայն մեզ մոտ նույն գինը մնաց»,-իր հերթին նշեց շարժման անդամներից Անուշ Բաղդասարյանը։ Մեկ այլ անդամ՝ Վարազդատ Բարսեղյանը, հավելեց, որ շաքարավազը 195 դրամ պետք է արժենա, բայց մեր երկրում չկա նման գին։ «Այդ 195 դրամը վերաբերում է առաջին սորտին, իսկ մեր երկրում վաճառվում է երրորդ սորտի շաքարավազ։ Եվ շատ ավելի բարձր գնով, քան պետք է լիներ»։ Շարժման անդամները նշում են, որ օրինակ շաքարավազը, ինչպես շատերն են բարձրաձայնում, ներկրվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ անվամբ գրանցված ընկերության կողմից։ «Ուսումնասիրել ենք և կարող ենք հստակ ասել, որ երկրում շաքարավազի 95 տոկոսն «Ալեքս Գրիգ» ընկերությունն է ներկրում, այսինքն՝ մոնոպոլիա է։ Իսկ մնացած 5 տոկոսը թվով 46 կազմակերպությունների է պատկանում, որոնք դա չեն վաճառում։ Ժողովուրդը չունի այլընտրանք, ստիպված գնում է այդ շաքարավազը։ Բայց մենք հետևողական ենք լինելու, որ այս և նշված մյուս մթերք-ծառայությունների մասով էժանացում լինի»,-շեշտեց Փայլակը։