Կոմկուսը թերություններ է գտել նոր սահմանադրությունում, բայց միանում է «Այո»-ին (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միանում է սահմանադրական բարեփոխումների ծրագրին եւ «Այո»-ի ճակատին: Այս մասին այսօր կայացած կուսակցության ժողովի ընթացքում հայտարարեց կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նա նշեց, թե ուսումնասիրել են նոր Սահմանադրության նախագիծն ու, թեեւ մի շարք թերություններ են գտել դրանում, այնուամենայնիվ, իրենք որոշել են «այո» ասել այդ բարեփոխումներին: «Նոր Սահմանադրությունը մի շարք թերություններ ունի: Այն քարոզում է համասեռամոլությունը, տանում դեպի եվրոպական արժեքներ, որոնք տեղ չունեն հայկական ընտանիքներում: Բացի այդ, նոր Սահմանադրության մեջ խոսք չկա անվճար կրթության մասին, նշված է նաեւ, թե ամեն մարդ ունի աշխատանքի ընտրության իրավունք: Ի՞նչ է նշանակում դա: Խորհրդային տարիներին նման բան չկար, աշխատանքը պարտադիր էր։ Ով չէր աշխատում, օրենքով պատասխանատվության էր ենթարկվում»,-նշեց Տաճատ Սարգսյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության մեջ բացակայում են նաեւ սոցիալական խնդիրներին վերաբերող դրույթները: Կենտկոմի առաջին քարտուղարի կարծիքով՝ գործող Սահմանադրությունը չէ Հայաստանում տիրող իրավիճակի «մեղավորը»: «Հայաստանի բնակչության 2/3-ը արտագաղթել է, տիրում է աղքատություն, անգործություն, օրենքները չեն գործում»,-ասաց Տաճատ Սարգսյանը: Չնայած այս ամենին, Կոմունիստական կուսակցությունում եկել են այն եզրահանգման, որ սահմանադրական բարեփոխումները մեկ քայլ առաջ են: «Նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը, որն ավելի շատ առավելություններ կտա ընդդիմադիր կուսակցություններին»,-նշեց կենտկոմի քարտուղարը: Ի դեպ, Կոմունիստական կուսակցությունն առաջիկայում եւս մեկ ժողով կանցկացնի՝ վերջնական որոշումը հաստատելու համար: