«Առաջին թռիչքը մշտապես հետաձգվում է. մեր ղեկավար մարմինները ոչինչ չեն անում». Ադբաշյան
Շարմ էլ Շեյխ -Սանկտ Պետերբուրգ օդանավը պայթել ու քանդվել է օդում` համոզված է ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Այսպիսի եզրահանգման է նա եկել հաշվի առնելով ինքնաթիռի բեկորների հեռավորությունը. «Չեմ բացառում, որ ինքնաթիռի հետեւի մասում կարող էին նախապես ճաքեր լինեին, որը որ տեխնիկական անձնակազմը չի նկատել, ինքնաթիռն էլ օդում չնշմանը չի դիմացել ու մասնատվել է»: «Ա1+»-ի հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ դա ահաբեկչություն եղած լինի, պարոն Ադբաշյանը պատասխանեց. «Անսարքությունն է պատճառը, իսկ ինքնաթիռի անձնակազմը չի հասցրել որեւէ բան հաղորդել դիսպետչերներին, քանի որ հնարավորություն չի ունեցել: Այդ պահին, երբ փուչիկը պոկվել է, մարդկանց ներսի ճնշումը սկսել է փոխվել, նրանց ականջներից արյուն է եկել, դրա համար էլ ոչ մեկ չի կարողացել ոչինչ անել»: Խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման մասին՝ պարոն Ադբաշյանը վստահեցրեց, որ ինքը միշտ պատրաստ է թռնելուն, բայց չգիտես ինչու, առաջին թռիչքը մշտապես հետաձգվում է. «Դա քաղաքական հարց է, իրենք գիտեն, իրենք պիտի Ադրբեջանի հետ լեզու գտնեն: Վախենում են, թե չեն վախենում, չեմ ուզում դրա մասին խոսենք, ուղղակի չեն թռնում եւ վերջ»: Դմիտրի Ադբաշյանը համոզված է, որ այսօր Ստեփանակերտի օդանավակայանում այնպիսի սարքավորումներ կան, որ անգամ Բաքուն ու Երեւանը չունեն, այնինչ ԼՂՀ օդանավակայանը չի աշխատում. «Փաստն այն է, որ մեր ղեկավար մարմինները ոչինչ չեն անում»։ Ոլորտի մասնագետը անդրադարձավ նաեւ Երեւան –Սոչի ինքնաթիռի վթարին. «Ես ուսումնասիրեցի եւ հայտնաբերեցի, որ խաղաղ միջավայրում հանկարծ ինքնաթիռը քիթը բարձրացեց վերեւ՝ քսաներեք աստիճան, այդ անկյունը եթե տասնութից բարձր է լինում, օդանավը սկսում է ընկնել։ Օդաչուները չեն կողմորոշվել՝ ինչ անել, բայց նրանք արդեն զոհվել են, նրանց մեղքի մասին չեմ ուզում խոսել: Ավելի լավ է գտնենք այն պատասխանատուներին, ովքեր նրանց թողել են թռնել, իսկ նման մարդիկ չկան»: «Ա1+»- հարցին, թե ինչու այսօր Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող ու ինչի՞ դա կարող է հանգեցնել, Դմիտրի Ադբաշյանը ասաց. «Հայաստանը միակ երկիրն է, որ չունի օդային օրենսգիրք: Ոչ մեկ, ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Արմավիան արդեն չէր կարող թռչել, թե չէ էլի Սոչիի նման ավիավթար կլիներ, իսկ «Էյր Արմենիան» ընկերություն չէ, դա ֆիկտիվ է»։ Այս պահին Ադբաշյանը Հայաստանում չի տեսնում մի ընկերություն, որը հավակնի դառնալ ազգային ավիափոխադրող. «Չկա ընկերություն, քանի որ պայմաններ չկան, երբ օդային օրենսգիրք լինի, եւ պայմաններ ստեղծվեն, իրավական հարթակ լինի, հնարավոր է մի բան լինի»։ Ավելին՝ տեսանյութով