Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծխելու հետեւանքով տարեկան 1000 տղամարդու մոտ հայտնաբերվում է թոքի քաղցկեղ (տեսանյութ)

Հասարակություն
Smoking

Հայաստանում ամեն երկրորդ տղամարդը ծխող է, այսինքն՝ 16-ից 50 տարեկան տղամարդկանց 50 տոկոսը ծխող է. ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը հայտարարեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը. «Երկրորդական ծխի ազդեցությունը մեզ մոտ շատ բարձր է՝ հատկապես տղամարդկանց շրջանում։ Բավական է նայել ոչ վարակիչ հիվանդությունները տղամարդկանց եւ կանանց մոտ, կանանց մոտ բավականին ցածր է թոքի քաղցկեղը, որի համար ծխախոտը հանդիսանում է հիմնական ռիսկի գործոն։ Տարեկան 1000 դեպքից ավել լինում է տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ 150 դեպք, դա պայմանավորված է ծխախոտ օգտագործելով»։ Հանրապետության կանանց 3-4 տոկոսը ծխող է։ Մեկ հուսադրող փաստ՝ մեր երկրում դեռահասների ծխախոտ օգտագործելու ցուցանիշն անհամեմատ ավելի լավ է, քան հարեւան երկրներում։ Դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ «Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ։ 18-ից հետո ինստիտուտ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս նրանք դուրս են գալիս ծնողի հսկողության տակից եւ սկսում ծխախոտ օգտագործել»,- նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը։ Նրա խոսքերով՝ Առողջապահության նախարարությունը միջազգային պայմանագրերով, իրազեկման, գովազդի արգելման, հասարակական վայրերում ծխախոտի սահմանափակման, հարկային քաղաքականության միջոցով փորձում է պայքարել ծխելու դեմ։ Նա ծխող մարդկանց խորհուրդ է տալիս չծխել՝ հիշեցնելով, որ տարբեր միջոցներ կան պայքարելու ծխելու դեմ։ Օրինակ՝ նիկոտինին փոխարինող հաբեր կան, որոնք ժամանակավորապես օգտագործելով՝ կարելի է հրաժարվել ծխախոտից։