«Բալոնները երբեմն տեղադրում են հարևանները, ինչը տեղով ռումբ է» (տեսանյութ)
2010 թ. առ այսօր Հայաստանում գրանցվել է ավտոմեքենաների գազի բալոնի պայթյունի 29 դեպք, որոնցից 75 տոկոսը կապված է բալոնների մաշվածության հետ։ ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը նշում է, որ վարորդները շատ հաճախ օգտագործում են մաշված եւ լիցքավորման համար չնախատեսված բալոններ։ «Թթվածնի, ամոնիակի, ազոտի համար նախատեսված բալոններ են օգտագործում, դրանք ժամանակին չեն անցնում փորձաքննություն։ Դեռ ավելին ասեմ, ժամանակին ուսումնասիրությունները պարզել են, որ բալոնները նույնիսկ մասնագիտացված հիմնարկներում չեն տեղադրվել։ Շատ հաճախ տեղադրում են անձամբ իրենք կամ իրենց հարեւանը, որը տեղով ռումբ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Բալոնները ստուգելու գործառույթ նախարարությունը չունի։ Իսկ «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը նշում է, որ կա կառավարության համապատասխան որոշում գազի բալոնների հետ կապված, սակայն ոչ մի ստուգում եւ վերահսկողություն չի իրականացվում։ «Տրանսպորտի եւ կապի նախարարությունը պետք է ստուգման մեխանիզմներ մշակի, եթե նա էլ չի մշակում, ապա հորդորում եմ վարորդներին, որպեսզի իրենք գնան եւ ստուգեն բալոնները»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ բալոնները ունեն իրենց ժամկետները` քանի անգամ կարելի է լիցքավորել՝ 10,000, 20,000 կամ 50,000 անգամ։ Սակայն կան բալոններ, որոնց տեղադրումը նույնիսկ մեքենայից թանկ արժեն։