Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանում հնարավոր չէ նման բռնարարք՝ առանց իշխանությունների իմացության» (տեսանյութ)

Քաղաքականություն
vk21Uh8Arr4

«Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելը նոտա էր Հայաստանին անկախություն բերող տղաներին։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի Ռուսաստանի հետ, բայց այդ երկիրը ուզում է շիկացնել իրավիճակը Հայաստանում»,- համոզված է «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։ Նրա համոզմամբ՝ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկողների բացահայտումն այնքան կարևոր չէ, որքան այն վերաբերմունքը, որ դրսևորվում է ազատամարտիկների նկատմամբ. «Նրան պետք է ծաղկեպսակով ու գինիներով դիմավորեին անկախության օրը, դրա փոխարեն թափեցին ազատամարտիկի արյունը։ Հայաստանյան իրականությունում հնարավոր չէ նման բռնարարք իրականացնել՝ առանց իշխանության վերին օղակների իմացության»։ Պատմաբան Արմեն Կարապետյանը ևս դատապարտում է Սմբատ Հակոբյանի նկատմամբ նման դաժան վերաբերմունքը. «Ավելի վատ է, եթե այդ բռնարարքն իրականացվել է առանց իշխանությունների իմացության։ Դա նշանակում է, որ Հայաստանում անիշխանություն է։ Եթե տոն օրով նման բան է տեղի ունենում Երևանի կենտրոնում, դա նշանակում է, որ Հայաստանում պարզապես իշխանություն չկա»։ Պատմաբանի համոզմամբ՝ նման բռնությունների դեպքերը հաճախակի են. «Սա մեզ համար նորություն չէ։ Հայաստանի բոլոր շրջաններում էլ մարդկանց, ազատամարտիկների են ծեծում։ Ժողովուրդը պիտի անտարբեր չլինի տեղի ունեցածի նկատմամբ և իշխանություններից պահանջի վերջ տալ այս իրավիճակին»։ Արա Խուդավերդյանի գնահատմամբ՝ այս ամենը տեղավորվում է իշխանությունների կողմից ազատամարտիկների նկատմամբ առկա վերաբերմունքի տրամաբանության սահմաններում. «Սա հատուկ ասելիք է իր մեջ պարունակում։ Դրանով ազատամարտիկներին ուզում են ասել՝ դուք նվաճեցիք անկախություն, սակայն չունեցաք ազատություն»։