Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արագաչափ սարքերը ենթարկվո՞ւմ են ստուգումների. դատական գործ (տեսանյութ)

Հասարակություն
9826ebe07f777f88e14787e944a2282f

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով ոչ իրավաչափ ճանաչել Ճանապարհային ոստիկանության գործողությունները կամ անգործությունը։ Կենտրոնը ՃՈ-ից փորձել է ճշտել, թե արդյո՞ք ճանապարհներին տեղադրված արագաչափ տեսախցիկներն ու արագաչափ սարքերը ենթարկվում են ստուգումների և ի՞նչ հաճախականությամբ է դա արվում։ Ճանապարհային ոստիկանությունը, սակայն, նշված տեղեկությունը տրամադրել է մոտ մեկ ամիս ուշացումով՝ շրջանցելով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետը։ Այս գործով դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 15-ին։ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գևորգ Հայրապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք պատրաստվում են գործը շարունակել դատարանում, չնայած, որ արդեն իսկ ստացել են տեղեկատվությունը ՃՈ-ից. «Այն ժամանակ, երբ Ոստիկանությունը հինգ օրում չպատասխանեց մեր հարցմանը, մի կողմից խանգարեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնին», որպեսզի նա իր կանոնադրական գործառույթներն իրականացնի, մյուս կողմից՝ Կենտրոնն արդեն ծախսեր էր տեսել՝ դիմել է իրավաբանի, առնվազն հայց է գրել, այդքան թուղթ է տպել և այլն։ Մինչդեռ՝ այդ ռեսուրսները կարող էին այլ բանի համար օգտագործվել»։ Ըստ Գևորգ Հայրապետյանի՝ տեղեկությունը կարող է կորցնել իր իմաստը, կամ կարող է այլևս չունենալ այն նախնական իմաստը, որ կարող էր ունենալ մեկ ամիս առաջ։ «Օրենքով սահմանված ժամկետից ուշ տեղեկատվության տրամադրումն արդեն իսկ օրենքի խախտում է»,- հավելում է նա։